25/01/2023 14:17
Թուրք իրավապաշտպան Սելայ Էրթեմը Լաչինի միջանցքի փակումն անվանել է Ադրբեջանի «կեղտող խաղ»
Ermenihaber.am-ը Լաչինի միջանցքի թեմայով զրուցել է Թուրքիայում ծնված, բայց այժմ Գերմանիայում ապրող թուրք ակտիվիստ, իրավապաշտպան, մանկավարժ Սելայ Էրթեմի հետ։
Նա, ի դեպ, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար ակտիվ պայքար մղած լուսահոգի Ալի Էրթեմի այրին է։
Լաչինի միջանցքի փակման բնապահպանական պատճառաբանությունը Սելայ Էրթեմը կեղծ և շինծու է համարում։
«2022թ. դեկտեմբերի 12-ից սկիզբ առած Լաչինի միջանցքի շրջափակումը և ադրբեջանական շահերից ելնելով ճանապարհի արգելափակումը մի իրավիճակ է, որը պիտի ամոթալի լինի ողջ մարդկության համար։ Ինչպիսի՜ կեղծավորություն է փորձել կոծկել այս կեղտոտ խաղերը, որոնք բնապահպանության և միջավայրի պահպանության կեղծ քողի ներքո, ըստ էության, թիրախավորում են հայ ժողովրդին»,- ասել է նա։
Տիկին Էրթեմի կարծիքով՝ Լաչինի միջանցքի փակումը Արցախը հայաթափելու ադրբեջանական ծրագրի մի մասն է կազմում։ Միևնույն ժամանակ հիշեցնում է հետևյալը. «Ղարաբաղի բնիկ ժողովուրդը՝ արցախահայությունը, այս հողերը չլքեց նույնիսկ պատերազմական իրավիճակում՝ խիզախորեն պայքարելու որոշում կայացնելով»։
Անդրադառնալով Ադրբեջանին ուղղված Թուրքիայի լիակատար աջակցությանը՝ թուրք իրավապաշտպանը շեշտել է, որ Ադրիատիկ ծովից մինչև Չինական պարիսպ ձգվող թուրանական երազանքի իրականացումը և այդ ճանապարհին «Հայաստանի արգելքը հաղթահարելը» միշտ էլ Թուրքիայի օրակարգում են եղել։
«Մենք դատապարտում ենք Թուրքիայի զավթողական և նվաճողական քաղաքականությունը, որը խաթարում է տարածաշրջանի ժողովուրդների խաղաղությունը», - հավելել է նա։