25/01/2023 14:07
Թեզը, թե բանակը չի կարող դիմադրել, թե մեզ զենք չեն վաճառում, հրավեր է թշնամուն. Արամ Աբրահամյան
Ազատ գյուղի ինժեներասակրավորային վաշտի կացարանի ողբերգական հրդեհից ժամեր անց կառավարության նիստում վարչապետի՝ վարկած հնչեցնելը նախաքննության ուղղորդում է. առաջին դեմքն ասել է ինչ-որ բաներ, հետևաբար, նախաքննությունը պետք է տեղավորվի այդ վարկածի մեջ, «Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդմանն ասել է «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր, քաղաքական մեկնաբան Արամ Աբրահամյանը։
«2018 թվականից հետո այս իշխանությունը գլուխ է գովում, թե հոյակապ կահավորել են բոլոր զորանոցները, այնինչ, պարզվեց, Ազատ գյուղում, վստահ եմ՝ շատ այլ տեղերում զինվորները վատթար պայմաններում են ծառայում»,- նշել է նա։
Քաղաքական մեկնաբանը խիստ վտանգավոր է համարել իշխանության թեզերը, թե «մեր բանակը չի կարող կռվել, թե մեզ զենք չեն վաճառում»։
«Երբ ասում ես, որ չենք կարող դիմադրել, երբ չես կահավորում դիրքերն ու չես ավելացնում բանակի մարտունակությունը, այդպիսով հրավեր ես ուղարկում թշնամուն։ Ես վստահ եմ, որ մեր բանակը կարող է դիմադրել, ռեսուրսներ ունի»,- ընդգծել է վերլուծաբանը։
Արամ Աբրահամյանը պարզաբանել է՝ միայն միջոցներ հատկացնելը քիչ է, պետք է համակարգային մոտեցում, ռեսուրսների համակարգված կազմակերպում։
«Ես պատերազմի հրձիգ չեմ, բայց անընդհատ խոսել խաղաղության դարաշրջանի մասին այն դեպքում, երբ թշնամին ճիշտ հակառակն է անում, իրականության մեջ դիսոնանս է առաջացնում»,- նշել է Արամ Աբրահամյանը։