25/01/2023 12:54
Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում են նաև արտակարգ պատահարները. Արցախի ԱԻՊԾ
2022 թվականի դեկտեմբերի 12-ից բնապահպանական կեղծ պատճառաբանությամբ, Ադրբեջանն առ այսօր փակ է պահում Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին:
Արցախն աշխարհին կապող կյանքի ճանապարհի փակ լինելու, գազամատակարարման բացակայության և էլեկտրաէներգիայի հաճախակի տատանումների պատճառով, Արցախում անցել են հին ավանդական ջեռուցման համակարգին: Բնակարանների մեծ մասում տեղադրվել են վառաններ: Հրդեհային անվտանգության տեսանկյունից այն ռիսկային է, եթե չպահպանվի անվտանգության կանոնները, հայտնում են Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։
«Ադրբեջանի չդադարող ագրեսիվ գործողությունների պայմաններում հումանիտար խնդիրներին հաճախ ավելանում է նաև արտակարգ պատահարները: ԱԻ ծառայությունը հիշեցնում է՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող մետաղյա վառարանների տեղադրում չի թույլատրվում:
Վառարաններից մինչև գույքը և այլ սարքավորումներն ընկած հեռավորությունը պետք է լինի 0.7 մետրից ոչ պակաս, իսկ ծխատար խողովակի բարձրությունը պետք է լինի շինության տանիքից ոչ պակաս քան 0.5 մ, ինչպես նաև 2մ բարձր, 10մ շառավղով առկա ամենաբարձր շենքի տանիքից:
Փայտով ջեռուցվող վառարանի տակ պարտադիր է տեղադրել 50-ով 40 սմ մետաղյա թիթեղ: Արգելվում է դյուրավառ վառելիքով վառել փայտով ջեռուցվող վառարանը:
Ծառայությունը միաժամանակ հորդորում է Էլեկտրաջեռուցման, փայտե վառարանների կամ այլընտրանքային՝ գազի բալոնների օգտագործաման ժամանակ խստիվ պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետևողական աշխատանք կիրականացնի անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։