25/01/2023 12:09
Իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու արցախցիների պայքարը նաև աշխարհի համար է կարևոր. Ռուբեն Վարդանյան
Հունվարի 24-ի երեկոյան կազմակերպվել է Արցախի բարեկամների հեռավար հավաք՝ «Արցախ. 44-օրյա շրջափակում» խորագրով, որին մասնակցել են հայտնի հասարակական-քաղաքական, մշակութային գործիչներ, խորհրդարանականներ, իրավապաշտպաններ, հետազոտական-վերլուծական հայտնի կենտրոնների, միջազգային մարդասիրական կազմակերպությունների, գործարար շրջանակների օտարերկրացի շուրջ 300 ներկայացուցիչներ ավելի քան 40 երկրից։
Միջոցառման նպատակն էր Արցախի բարեկամներին ներկայացնել Ադրբեջանի կողմից 44 օր շարունակվող Արցախի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը, օրեցօր խորացող հումանիտար խնդիրները, ահագնացող էներգետիկ ճգնաժամը, ինչպես նաև՝ հումանիտար և քաղաքական հիմնախնդիրների հաղթահարման միջոցներն ու մոտեցումները:
Որպես հիմնական բանախոսներ հանդես են եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) և ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանել են նաև ԱՀ արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը և ԱՀ պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը:
Պետնախարարը շնորհակալություն է հայտնել Արցախի բարեկամներին՝ նշելով, որ արցախցիները գնահատում են բոլոր նրանց ջանքերը, ովքեր այս ծանր իրավիճակում անտարբեր չեն իրենց խնդրին և իրենց կողքին են: «Չնայած մենք ծանր իրավիճակում ենք, բայց ես լավատես եմ, որովհետև տեսնում եմ արցախցիների ոգին ու կամքի ուժը, և ինձ համար մեծ հպարտություն է այդ մարդկանց կողքին կանգնելը։ Մենք պատրաստ ենք ամեն ինչով անցնելու, որովհետև արժանապատիվ ապրելու ձգտումը և սերը դեպի հայրենիքը մեծ ուժ է տալիս: Արցախի և արցախցիների՝ իրենց հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի պայքարը ոչ միայն հայերի, այլև աշխարհի համար է կարևոր, քանի որ այն արժանապատվությունը, արժեքները պահպանելու պայքար է»,- ասել է պետնախարարը:
ԱՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է շրջափակման հետևանքով մարդու հիմնարար իրավունքների խախտումներն ու հումանիտար խնդիրները: Նա նշել է, որ շրջափակումը միայն դատարկ ցուցափեղկերը չեն, դա մարդկանց մի շարք հիմնարար իրավունքների՝ ազատ տեղաշարժի, առողջության, կրթության, պատշաճ սնվելու իրավունքների խախտումներն են, տնտեսության ու ենթակառուցվածքների քայքայումն է, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներն են, Հայաստանից Արցախ վերադարձող երեխաների ահաբեկումն է:
«Ադրբեջանն իրականացնում է հատուկ հանցավոր քաղաքականություն, որը միտված է հայրենազրկելու Արցախում ապրող հայերին, ոչնչացնելու նրանց։ Իրավիճակը պահանջում է միջազգային հանրության հստակ արձագանքը։ Միջազգային հանրությունը, այո՛, պատասխանատվություն ունի պաշտպանելու մարդու իրավունքները։ Մարդու իրավունքն այլևս պետության հայեցողության հարց չէ,- ասել է Գեղամ Ստեփանյանը:- Որպես Մարդու իրավունքների պաշտպան, օգտագործելով այս առիթը, ցանկանում եմ դիմել ձեզ և խնդրել, որ գործադրեք բոլոր ջանքերը, որ միջազգային հանրությունը ստանձնի իր պատասխանատվությունը և իրական քայլեր ձեռնարկի՝ զսպելու Ադրբեջանի հանցավոր քաղաքականությունը»։
Շարունակելով թեման՝ պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ակնկալում է, որ միջազգային իրավունքով հաստատված նորմերը պաշտպանվեն նույն միջազգային իրավունքի պատասխանատուների, դերակատարների կողմից. «Միջազգային հանրությունը պետք է ցույց տա, որ Ադրբեջանը բարձր գին է վճարելու հանցագործությունների համար։ Բոլոր երկրներից ակնկալում ենք, որ հանդես գան Արցախի մեկուսացման դեմ և Արցախի միջազգային ներգրավվածության ապահովման հարցը լուծեն: Այստեղ կրկին բոլոր երկրների, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համագործակցությունը շատ կարևոր է»:
Արցախի Հանրապետության արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը նկատել է, որ տարիներ շարունակ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերի ոտնահարումների, ագրեսիվ գործողությունների անպատժելիությունն է հանգեցրել այսօրվա իրավիճակին:
«Մինչև Ադրբեջանը չպատժվի, նման ցեղասպանական քաղաքականությունը շարունակելու է։ Պատժամիջոցներ պետք է կիրառվեն ոչ թե Ադրբեջանի ժողովրդի դեմ, այլ՝ կոնկրետ այն անձանց դեմ, ովքեր ներգրավված են քաղաքական որոշումների կայացման գործընթացում։ Մեր բոլորի, առաջին հերթին՝ մեր բարեկամների ջանքերը պետք է կենտրոնացած լինեն այս ուղղության վրա»,- ընդգծել է նա:
Պատգամավոր Դավիթ Մելքումյանը նշել է, որ այս անգամ ընտրելով բնապահպանական կեղծ օրակարգ՝ ադրբեջանցիները փորձել են այդպիսով աշխարհի համար «գրավիչ» թեմա գտնել՝ հաշվարկելով, որ դրա քողի տակ կարող են լեգիտիմացնել իրենց այդ հանցագործությունը. «Բայց նրանց այդ հաշվարկները չեն արդարացել: Այս 44 օրվա ընթացքում մեր ժողովուրդը ցույց տվեց իր կամքը, որ պատրաստ է այս պայքարին»:
Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Արցախի բարեկամներին կոչ են արել շարունակել միջազգային հարթակներում իրենց ջանքերը՝ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության, կայուն անվտանգության երաշխավորման միջազգային մեխանիզմների բարելավման, ցամաքային բնականոն հաղորդակցության վերականգնման, օդային հումանիտար միջանցքի բացման, ինչպես նաև՝ Ադրբեջանի հանցավոր գործողությունների դատապարտման և իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառման ուղղությամբ: