25/01/2023 10:09
«Հրապարակ». ՄԻՊ-ի նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է. Ուր է գնում Քրիստիննե Գրիգորյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը նախօրեին հրաժարականի դիմում ներկայացրեց ԱԺ և չսպասելով, որ օրենքով նախատեսված մեկ շաբաթը լրանա, որպեսզի վերահաստատվի իր դիմումը, հապճեպ հեռացավ ՄԻՊ գրասենյակից։ Լուր ստացանք, որ նա, հրաժեշտ տալով ՄԻՊ աշխատակազմին, հայտարարել է, որ նոր աշխատանքի առաջարկ է ստացել, ընդունել է այն և մեկնել Հայաստանից։ Լուրեր կան, որ նրան առաջարկվել է զբաղեցնել Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։
Ինչ վերաբերում է ՄԻՊ-ի թեկնածուին, ապա տեղեկացանք, որ իշխանությունների նոր թեկնածուն աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանն է։ Նրա կենսագրությունն ուսումնասիրելով՝ անտեղյակ անձին կթվա, թե լուրջ ճանապարհ անցած 40-ամյա կին է` արժանի այս բարձր պաշտոնին։ Իրականում՝ եթե կենսագրությունից հանես տարբեր դասընթացներին մասնակցությունը (Լոնդոնի Գլոբալ համալսարանի (UCL) Կրթության և դիսլեքսիայի միջազգային ինստիտուտի «Ընթերցանության և գրելու դժվարություններ ունեցող երեխաների աջակցության մեթոդներ» դասընթաց, Դեյվիսի համալսարանի «Աուտիստիկ սպեկտորի խանգարումներ» դասընթաց, մասնակցություն Ասիական զարգացման բանկի /ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի Կանանց ձեռներեցության, առաջնորդության և հաղորդակցության ծրագրին՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանում և այլն), ինչպես նաև հասարակական գործունեությունը, տակը մնում է մեկ աշխատանքային փաստ՝ «Մոդամոնթ» հագուստի խանութների ցանցի մենեջերի պաշտոնը, որը նա զբաղեցրել է 2004-2020 թթ․։ 2020 թ․ մայիսի 15-ին նշանակվել է փոխնախարար»։