26/01/2023 19:27
Սուր պերիտոնիտը կարող է հանգեցնել մահվան. Հիվանդության առաջացումն ու ախտանիշները
Պերիտոնիտը որովայնի խոռոչի օրգանները ներսից ծածկող բարակ թաղանթի ՝ որովայնամզի բորբոքումն է։ Խնդիրը սովորաբար առաջանում է բակտերիալ կամ սննդային վարակից:
Բժիշկները տարբերում են պերիտոնիտի հետևյալ երկու տեսակները.
Ինքնաբուխ (սպոնտան) բակտերիալ պերիտոնիտ. Երբեմն պերիտոնիտը զարգանում է որպես լյարդային հիվանդության, օրինակ՝ ցիռոզի կամ երիկամային հիվանդության բարդություն
Երկրորդային պերիտոնիտ. Պերիտոնիտ կարող է զարգանալ որովայնի խոռոչում որևէ օրգանի պատռման պատճառով, կամ որպես այլ հիվանդության բարդություն:
Պերիտոնիտի ամենաբնորոշ ախտանիշը սուր որովայնային ցավն է, որն ուղեկցվում է որովայնի պատի լարվածությամբ, մարսողության խանգարմամբ և ընդհանուր այլ նշաններով: Չբուժվելու դեպքում ծանր պերիտոնիտը մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում կարող է բերել մահվան։
Պերիտոնիտը պահանջում է անհապաղ բժշկական միջամտություն՝ ուղղված վարակի և հիվանդության պատճառ դարձած հիմնական հիվանդության բուժմանը: Պերիտոնիտի բուժումը սովորաբար ներառում է հակաբիոտիկներ, իսկ որոշ դեպքերում՝ նաև վիրահատություն: Չբուժվելու դեպքում պերիտոնիտը կարող է հանգեցնել ողջ օրգանիզմով տարածվող ծանր և կյանքին սպառնացող վարակի՝ սեպսիսի:
Պերիտոնիտի տարածված պատճառներից մեկը պերիտոնեալ դիալիզով բուժումն է: Եթե ստանում եք պերիտոնեալ դիալիզ, կարող եք պերիտոնիտի կանխարգելմանն օգնել պատշաճ հիգիենայի սկզբունքներին հետևելով՝ ինչպես դիալիզից առաջ, այնպես էլ հետո:
Պերիտոնիտի ախտորոշումը կարող է հիմնվել զննման, հիվանդության պատմության, ռենտգենյան հետազոտությունների, արյան անալիզների և ախտորոշիչ այլ մեթոդների վրա։ Պերիտոնիտ ախտորոշելիս բժիշկն ամենայն հավանականությամբ կառաջարկի հիվանդանոցային բուժում և անհետաձգելի վիրահատություն։
Պերիտոնիտի ախտանիշներից են՝
որովայնային ցավ կամ լարվածություն,
որովայնի փքվածություն կամ լցվածության զգացում,
բարձր ջերմություն,
սրտխառնոց և փսխումներ,
ախորժակի բացակայություն,
փորլուծություն,
միզարձակման կրճատում,
ծարավի մշտական զգացողություն,
թուլություն, հոգնածություն և շփոթվածություն:
Որոշ դեպքերում պերիտոնիտը կարող է զարգանալ նաև ավելի թույլ կամ անորոշ նշաններով՝ հատկապես քրոնիկ ընթացքի դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։