26/01/2023 20:30
Արցախի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
Արցախի կանայք այսօր բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Հենց տիկին ֆոն դեր Լայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։
Այդ մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan)։
«Հուսահատ մայրերը արդարացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ինչպես և Եվրամիության երկրների երեխաները, հնարավորություն ունենան ապրել տաք և լուսավոր տներում, նորմալ սնվեն, հաճախեն դպրոցներ և մանկապարտեզներ, ստանան բժշկական օգնություն։ Նրանք ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները: Փակելով գազատարը և ձմռանը անջատելով էլեկտրականությունը՝ Ադրբեջանն ու նրա առաջնորդները զրկում են 30 000 արցախցի երեխաներին այդ իրավունքից։
Ճգնաժամի ժամանակ կանայք ցույց են տալիս իրենց վճռականությունն ու ուժը. նրանք մեր հերոսներն ու արդարության մարտիկներն են։ Այսօր նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչպես կարելի է համառորեն դիմակայել դժվարություններին, հիշեցնում են մեր ընդհանուր մարդկայնության մասին։
Ես ողջունում և աջակցում եմ մեր կանանց նախաձեռնությանը: Ինձ հիացնում է նրանց ամրությունն ու տոկունությունը։ Եվ բոլոր նրանք, ովքեր ի վիճակի են օգնել նրանց, պարտավոր են դա անել: Հանուն կյանքի, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի»,- գրել է Ռուբեն Վարդանյանը: