26/01/2023 12:53
Այրվածքներ ստացած երեք զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում. Նախարար
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած երեք զինծառայողի վիճակն էլ բավարար է, կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Դեռ ստանալու են անհրաժեշտ օգնությունը, հույս ունենք՝ բոլորն առողջացած տուն կգնան», - նշեց նա։
Նախարարն ասաց, որ երեք զինծառայողի կյանքին էլ վտանգ չի սպառնում։
Ավանեսյանն այսօր կտեսակցի վիրավոր զինծառայողներին։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։