26/01/2023 12:32
Զորամասի կացարանում բռնկված հրդեհի դեպքով կա ձերբակալված. կառավարության նիստում մանրամասներ ներկայացվեց
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված կացարանում հրդեհի դեպքով առաջին անձն է ձերբակալվել, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։
«Այսօր առավոտյան է ձերբակալվել, նրա նկատմամբ հարուցված է քրեական հետապնդում», - ասաց նա։
Դատախազը, նախաքննության շահից ելնելով, չբացահայտեց այն անձանց հաջորդականությունը, որոնց նկատմամբ կհարուցվի քրեական հետապնդում։
Աննա Վարդապետյանը վստահեցրեց՝ դատախազությունը զինդատախազի մակարդակով ամենօրյա հսկողություն է իրականացնում գործընթացի նկատմամբ։
«Քննությունն ավարտվելու սահմանված ժամկետներ կան։ Քննարկվելու են բոլոր անձանց նկատմամբ խափանման միջոցի հարցերը, դրա ուղղությամբ կան ստրատեգիական լուծումներ, համադրվում են կանոնադրությունները, կանոնագրքերը՝ հասկանալու համար, թե ով ինչ չի արել անվտանգության կանոններն ապահովելու տեսանկյունից», - ասաց նա։
Հունվարի 23-ին ՀՀ զինվորական դատախազի կողմից հրաման է արձակվել բոլոր կայազորների զինվորական դատախազներին՝ ամենասեղմ ժամկետում տրամադրել տեղեկատվություն բոլոր զորանոցներում, այդ թվում՝ տեղակայված զորանոցներում 2020 ու 2022 թվականների ռազմական գործողությունների արդյունքում տեղափոխված զորանոցներում տեղակայված զորամիավորումների կենցաղի ու կենցաղավարման կանոնների հետ կապված։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց Գլխավոր դատախազից՝ «ի՞նչ ենք թաքցնում հանրությունից»։
«Երբեմն տպավորություն է, որ կառավարությունն ու նախաքննությունը զբաղված են դեպքերի շուրջ ամեն ինչ թաքցնելով։ Ի՞նչն ենք թաքցնում», - ասաց Փաշինյանը։
Աննա Վարդապետյանն էլ վստահեցրեց՝ ոչ մի բան չեն կարող թաքցնել, մտադրություն էլ չունեն։
«Անձանց անունները չբացահայտելը նպատակ ունի ապահովելու այդ անձանց հնարավոր փախուստի բացառումը», - ասաց նա։
Վարչապետն էլ ասաց, թե եթե կառավարության նիստում ինչ-որ բան է հնչել, որևէ մեկն այդ հնչածով սահմանափակված կամ կաշկանդված չէ, որովհետև այն, ինչ հնչել է, այդ պահի տեղեկությունն է եղել։
«Եթե հանկարծ պարզվի, որ կառավարության նիստում հնչածի 180 աստիճան հակառակ բանն է եղել իրականում, դրանով մենք կաշկանդված չենք, մենք հանրության հետ հաղորդակցության մեջ ենք», - ասաց նա։
Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն էլ ասաց, թե մինչ այս պահը հարցաքննված բոլոր վկաները ուղիղ վկայում են այն մասին, որ բենզինով վառարանը վառելու վարկածը հիմնավոր է։
«Ասեմ ավելին, երկու օր առաջ օրապահը, ով անմիջականորեն ականատես է եղել դեպքին, ցուցմունք է տվել ու հիմնավորել է վարկածը։ Ամեն ինչ շատ պարզ է ու այլ բաներ փնտրելու ակնկալիքները, կարծում եմ, անզիվ չեն», - նշեց Քյարամյանը։
Նիկոլ Փաշինյանն էլ մանրամասներ ներկայացրեց։
«Վառարանի կրակը մարած է եղել, զինվորը բերել, փայտեր է լցրել, որից հետո սպան ասել է՝ «մի բանով վառեք, որ կպնի», զինվորն ասել է՝ «մեջը մոխիր կա, իրան-իրան կկպնի»։ Սպան փորձել է վառել, դիզվառելիք է փնտրել, հետո, չգիտես ինչու, որոշել է, որ բենզինն ավելի հարմար է։ Վկան տեսել է բենզինի տարան բռնկված վիճակում ու սպայի հագուստը բռնկված վիճակում, նաև՝ տարածքը բռնկված վիճակում։ Այդ ամենը այս պահին հիմնավորվում է։ Քննությունը պետք է լինի ամբողջական», - ասաց վարչապետը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։