26/01/2023 11:26
Ադրբեջանը մի քանի օրով կբացի Լաչինի միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները. Փաշինյանին տեղեկություններ են հասել (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Բաքվի պլանի մասին։
«Մեր ունեցած տեղեկություններով՝ Բաքվի պլանը հետևյալն է՝ Լեռնային Ղարաբաղում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները, կրկին փակել միջանցքը ու հետո կրկին մի քանի օրով բացել ու այդպես այնքան, մինչև վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը. սա, իհարկե, էթնիկ զտման բացահայատ քաղաքականություն է», - ասաց նա։
Վարչապետն արձանագրեց՝ եթե մինչ այս միջազգային հանրությունը թերահավատությամբ էր վերաբերվում ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի մտարդությունների մասին ահազանգերին, հիմա այս ընկալումը դանդաղ, բայց հաստատուն քայլերով միջազգային հանրության շրջանում ավելի է ուժեղանում։
«Կարծում եմ՝ այս առումով դեր ունեցավ նաև հունվաի 17-ին խաղաղապահների ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաներին ադրբեջանցի դիմակավորված «բնապահպանական» ակտիվիստների կողմից ահաբեկելու տեսանյութը, որը հենց ադրբեջանցիներն էին տարածել, ու որը լայնորեն տարածվեց աշխարհում», - նշեց նա։