26/01/2023 11:54
Կառավարությունը 100 տոկոսով կփոխհատուցի Ջերմուկում սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների էլէներգիայի ու գազի ծախսը
Կառավարությունը հաստատեց Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերին ռազմական գործողություններից տուժած տնտեսավարողների կոմունալ ծախսերի փոխհատուցման աջակցության ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ ռազմական գործողությունների հետևանքով Ջերմուկում հյուրանոցներն ու հյուրատները երկու ամսով դադարեցրել էին իրենց գործունեությունը՝ չընդունելով զբոսաշրջիկների։
Ջերմուկում 2022 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ հյուրատնային ու հյուրանոցային գործունեություն իրականացնող կազմակերպություններին, որոնց շրջանառությունը նվազել է 50 տոկոսից ավելի, կփոխհատուցվի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների էլեկտրաէներգիայի ու գազի ծախսերի հարյուր տոկոսը։
Ընդհանուր աջակցության չափը, նախնական գնահատականներով, կկազմի մոտ 50 միլիոն դրամ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե երբ Ջերմուկում արել են ՔՊ-ի քաղաքական ժողովի նիստը, շփումներ են ունեցել բնակիչների հետ ու փոխհատուցման այս առաջարկը Ջերմուկի գործարարներն են արել։
«Այո, չորս ամիսների գազի ու էլէներգիայի ծախսը մենք հարյուր տոկոսով փոխհատուցում ենք», - նշեց նա։
Վարչապետի խոսքով՝ փոխհատուցում ակնկալող ընկերությունները պետք է 100 հազար դրամից ավելի հարկային պարատվորություն չունենան պետության նկատմամբ։