26/01/2023 15:04
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 17 տարեկան է
Հունվարի 25-ին հրավիրված համերգով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը նշեց հիմնադրման 17-ամյակը։ Երեկոն ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ճիշտ 17 տարի առաջ՝ 2006 թվականի հունվարի 25-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին բեմելն էր։ Այն ժամանակ 18-ամյա Սերգեյ Սմբատյանը, համախմբելով իր երաժիշտ ընկերներին, հիմնադրեց նվագախումբ, որը հետագա տարիներին կարողացավ մեծ ճանաչում ձեռք բերել Հայաստանում և նրա սահմաններից դուրս, սիրվել երաժշտասերների կողմից՝ նրանց ներկայացնելով դասական երաժշտության հարուստ երկացանկ և աշխարհահռչակ երաժիշտների կատարումներ։ Ստեղծման օրից նվագախմբի թիվ մեկ առաքելությունը բարձր կատարողական որակ և միջազգային չափանիշներ ապահովելն է, ինչը կյանքի է կոչվում հետևողական աշխատանքի շնորհիվ։
Անցած տարիների ընթացքում նվագախումբն ունեցել է հարյուրավոր համերգներ, այդ թվում շուրջ 100 համերգ՝ Հայաստանից դուրս։ Հյուրախաղերով է հանդես եկել մի քանի տասնյակ երկրներում՝ Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Չեխիայում, Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Նիդերլանդներում, Բելգիայում, Իսպանիայում, Մալթայում, Չինաստանում, Լիբանանում, Արաբական Էմիրություններում, Իսրայելում, Ռուսաստանում և այլն։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն իր արտասահմանյան համերգային շրջագայությունների ընթացքում մշտապես կատարում է հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ՝ այդպիսով հանրահռչակելով և՛ հայկական կոմպոզիտորական ժառանգությունը, և՛ ներկայացնելով հայ կատարողական բարձր արվեստը։
Ձայնագրվել և թվայնացվել են հայ կոմպոզիտորների կամերային և սիմֆոնիկ հարյուրավոր ստեղծագործություններ, ինչը հնարավորություն է տալիս մեր երաժշտական ժառանգությունը սերունդների համար պահպանել ժամանակակից ձևաչափով, ինչպես նաև հանրայնացնել աշխարհում։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կարևորում է համագործակցությունը դասական երաժշտության մեծ լսարան ունեցող միջազգային հարթակների հետ՝ Medici.tv, Euronews, Classic.fm, Mezzo TV և այլն, որոնք վերջին տարիներին բազմիցս հեռարձակել են Սիմֆոնիկի կատարումները։