27/01/2023 16:56
Ռուսական կողմը փորձում է խնդրի իրական հանգուցալուծում գտնել, շարունակվում են ակտիվ ջանքեր ներդրվել՝ Լաչինի միջանցքում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ․ Զախարովա
«Լաչինի միջանցքում իրավիճակի առնչությամբ ՌԴ պաշտպանության նախարարությունը, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, ՌԴ արտաքին գործերի նախարարության հետ փոխգործակցությամբ, մշտական կապի մեջ են գտնվում շահագրգիռ կողմերի հետ»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Շարունակվում են ակտիվ ջանքեր ներդրվել՝ իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հավելել է նա։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանն, ի տարբերություն արտաքին քաղաքական այլ դերակատարների, իրավիճակի հանգուցալուծման իրական ուղիներ է փնտրում։
«Ի տարբերություն արտաքին քաղաքական դերակատարների մեծ մասի, որոնք սահմանափակվում են դեէսկալացիայի անհրաժեշտության մասին հայտարարություններով, ռուսական կողմը տեղում՝ «գետնի վրա» է փորձում խնդրի ռեալ հանգուցալուծումներ գտնել, ինչպես նաև մարդասիրական օգնություն է հատկացնում։ Այդ պատճառով մենք կոչ ենք անում ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքը՝ համաձայն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ Մենք նաև կոչ ենք անում Բաքվին ու Երևանին՝ քաղաքական կամք դրսևորել՝ առկա տարաձայնությունները հնարավորինս արագ հարթելու համար»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։