27/01/2023 20:35
Մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն․ Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 27-ին, մի խումբ քաղաքացիների առաջարկությամբ, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ միասին հանդիպել է հանրության տարբեր շերտերը ներկայացնող անձանց հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Արայիկ Հարությունյանը մանրամասն ներկայացրել է շրջափակման պատճառով Արցախում ստեղծված ծանր իրավիճակի քաղաքական և սոցիալ-տնտեսական հետևանքները, անդրադարձել բնակչության վրա դրանց ազդեցության մեղմացման ուղղությամբ իշխանության կողմից իրականացվող քայլերին: Իր խոսքում նա շեշտել է, որ առկա մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ներքին կուռ միասնություն, արտաքին ու ներքին տարբեր ուժերի պառակտիչ սադրանքներին չտրվելու վճռականություն, քանի որ հակառակ դեպքում կարող ենք կանգնել Արցախի պետականության վերջնական կորստի վտանգի առջև:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանը նաև պատասխանել է քաղաքացիներին հուզող հարցերին, լսել նրանց առաջարկները»,- նշված է հաղորդագրությունում: