27/01/2023 15:38
ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ է արել ազատել հայ գերիներին և բացել Լաչինի միջանցքը
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն ընդունել է «Առաջընթացը Վեհաժողովի մոնիտորինգային գործընթացներում» (հունվար-դեկտեմբեր 2022թ․) բանաձևը:
«Քվեարկությամբ ընդունվել են բանաձևում Հայկական պատվիրակության կողմից առաջարկված փոփոխությունները՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու և Լաչինի միջանցքի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջանկյալ միջոցները կատարելու վերաբերյալ»,- նշված է Եվրոպայի խորհրդում Հայաստանի ներկայացուցչության տարածած հաղորդագրությունում։
«Վեհաժողովն արձանագրում է հանձնաժողովի շարունակական ուշադրությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացումներին։
Վեհաժողովն ի գիտություն է ընդունում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեին ուղարկված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վերջին հրատապ ծանուցումը, որով կոչ է արվում հետևել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի վերաբերյալ 2022 թվականի դեկտեմբերի 21-ի որոշման կատարմանը և կոչ է անում անհապաղ և լիարժեք կերպով իրականացնել դատարանի որոշած միջանկյալ միջոցների կատարումը։
Վեհաժողովը նաև հետևում է Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուրջ ստեղծված իրավիճակին։ Վեհաժողովն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել բոլոր պահվող անձանց», - ասվում է բանաձևի տեքստում։