27/01/2023 18:37
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում առանց լիցենզիայի տաքսի ծառայություն մատուցողներին կտուգանեն 50 000 դրամով
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը հայտարարություն է տարածել․
«Այսօր՝ հունվարի 27-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության վարչության մասնագետների կողմից կրկին խստացված ռեժիմով վերահսկողություն է իրականացվել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ։
Վերահսկողական աշխատանքների արդյունքում արձանագրվել է իրավախախտման 9 դեպք։
Ըստ այդմ՝ տաքսամոտորային ուղևորափոխադրումների լիցենզավորման վերաբերյալ գործում է 2 կարգ, որը վերաբերում է անհատ տաքսիներին և մասնավոր ընկերություններին։
Համաձայն սահմանված կարգի «Զվարթնոց» օդանավակայանի տաքսի ծառայությունում ներգրավվող մարդատար-տաքսի ավտոմոբիլը պետք է լինի՝
- մինչև յոթ տարվա արտադրության.
- սպիտակ հիմնագույնի.
- գործարանային վառելիքային համակարգով շահագործվող.
- ուղեսրահում` ուղևորին տեսանելի մասում տեղադրված սակաչափիչով.
- «Աէրոտաքսի» գրառմամբ և տաքսու շախմատաձև տարբերանշանով արտաքին կահավորմամբ։
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է տաքսամոտորային ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդներին․
Համապատասխան լիցենզիա չունենալու դեպքում պատասխանատվության կենթակվեն համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքով, ինչը ենթադրում է վարչական տույժ՝ տուգանք՝ 50․ 000 (հիսուն հազար) ՀՀ դրամի չափով»։