28/01/2023 12:55
Տիգրան Ավինյանի ռեյտինգը առհասարակ չի աճում (Hraparak.am)
Hraparak.am-ը գրում է. Իշխանական վերնախավում կրկին քննարկվում է Երեւանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցը, որի մասին խոսում էին դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հրաժարականից մեկ-երկու ամիս անց։ Մարությանը հեռացվեց 2021 թվականի դեկտեմբերի վերջին։ Անցած տարվա ընթացքում արտահերթ ընտրությունների թեման հաճախ էր օրակարգ բարձրանում, սակայն չգնացին ռիսկի՝ հաշվի առնելով սոցհարցումները, համաձայն որոնց, ՔՊ թեկնածուն՝ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հաղթելու մեծ շանսեր չուներ, պետք էր նրա դիրքերն ամրացնել։ Այդ նպատակով անցած տարվա սեպտեմբերի 23-ին Ավինյանը նշանակվեց Երեւանի փոխքաղաքապետ, թեեւ իրականում նա է այժմ դե ֆակտո քաղաքապետը՝ ինքն է որոշում կադրային եւ մյուս բոլոր հարցերը։ Եվ իշխանությունը կարծում է, որ նա արդեն ստարտային կապիտալ է կուտակել ու կարող է անակնկալի բերել մրցակիցներին, որոնք դեռեւս պատրաստ չեն ընտրություններին։
Որպես արտահերթ ընտրությունների անցկացման հավանական ժամկետ՝ քննարկվում է մայիս ամիսը, չի բացառվում, սակայն, որ ՔՊ-ն կրկին փոշմանի եւ մի քանի ամիս էլ աշխատի էլեկտորատի վրա, եւ, այնուամենայնիվ, գնան հերթական ընտրություններին՝ սեպտեմբերին։ Ավագանու անդամներն ասում են, որ հատկապես վերջին ժամանակներում քաղաքապետարանը ոչ պատշաճ փաստաթղթավորմամբ բազում շինթույլտվություններ է տալիս, տարբեր մրցույթներ հայտարարում, որով հույս ունեն ՔՊ-ին հավելյալ ձայներ բերել Երեւանում։ Այս հողի վրա լարվել են գործող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի եւ դե ֆակտո քաղաքապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները: Առաջինը կարծում է, որ այն որոշումները, որոնք ինքը չի կայացնում` դրանից բխող հետեւանքներով, չպետք է թույլ տա, եւ Ավինյանի մուտքը նախապատրաստելն իր հոգսը չէ, եւ հույսը չի կտրում, որ կարող է վերջին պահին ՔՊ-ն իրեն առաջադրի, այլ ոչ թե Ավինյանին։ Իսկ ժամանակն իշխանության օգտին չի աշխատում, եւ Տիգրան Ավինյանի ռեյտինգը, ըստ տարբեր հարցումների, ոչ միայն շեշտակի աճ չի գրանցում, այլև առհասարակ չի աճում: Ուստի մտածում են՝ ճիշտն արտահերթ ընտրությունների գնալն է, որ նախ` անակնկալի բերեն մրցակիցներին, երկրորդն էլ ամռան ամիսներին չլինի նախընտրական քարոզչությունը։
Մեզ ասացին, որ արտահերթի օգտին էական ազդեցություն է ունեցել «Գելափ»-ի վերջին հարցումը, որից հետո ոչ միայն քաղաքապետարանում, այլեւ իշխանության ներսում մեծ բոլոլա է առաջացել։ Ավինյանը Փաշինյանին մեղադրել է իր դեմ աշխատելու մեջ, քանի որ «Հայկական ժամանակի» կայքում էլ էին դրել այդ հարցման արդյունքները: Ավինյանը կասկած է հայտնել, որ ուզում են իրեն «քցել», եւ ներկայացրել է վերջնագիր, որ Հրաչյա Սարգսյանն առաջիկա օրերին պետք է հրաժարական տա, որ գնան արտահերթ ընտրությունների։ Անգամ հրաժարականի օրն են նշում՝ փետրվարի 14, որն ավագանու հերթական նիստի օրն է, թեպետ հրաժարական կարող է ներկայացնել ցանկացած օր։
Իսկ ի՞նչ է արձանագրել «Գելափը»։ Այս տարվա հունվարի 25-ին ԶԼՄ-ները, ներկայացնելով ընկերության ուսումնասիրություններն առ այն, թե ում են տեսնում երեւանցիները Երեւանի քաղաքապետի պաշտոնում, հայտնեցին, որ, ըստ «Գելափ»-ի հետազոտության՝ քաղաքապետի պաշտոնում ցանկացել է Հրաչյա Սարգսյանին տեսնել հարցվածների 18,8%-ը, Հայկ Մարությանին՝ 6․6%-ը, Տիգրան Ավինյանին՝ 3,1%-ը, Վարդան Ղուկասյանին (Դոգ)` 2,4%-ը, Լեւոն Քոչարյանին՝ 1,8%-ը, 0.3%-ը՝ Խաչատուր Սուքիասյանին, 0.1%-ը՝ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիրներից Մեսրոպ Առաքելյանին, 17,9%-ի կարծիքով` չկա համապատասխան թեկնածու, 42 %-ը ոչ մեկին չի ուզում։ Թե ով է պատվիրել այս հարցումը, «Գելափ»-ից երեկ մեր զանգերին չպատասխանեցին, սակայն իշխանական շրջանակներում հավանական երկու վարկած կա՝ կամ Խաչատուր Սուքիասյանը, որն Ավինյանի ախոյանն է եւ Նիկոլ Փաշինյանին փորձել է հասկացնել, որ Հրաչյա Սարգսյանն ավելի բարձր ռեյտինգ ունի, ու կարելի է մտքափոխվել թեկնածուի հարցում, կամ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը․ միայն այս հանգամանքով պայմանավորված կարող էր հայտնվել Մեսրոպ Առաքելյանի անունը ֆավորիտների ցանկում։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ հակաավինյանական այս արշավին մասնակցած Փաշինյանի ընտանիքին պատկանող լրատվական կայքը, տեղադրելով հիշյալ հարցման մասին հրապարակումը, կարճ ժամանակ անց այն հեռացրել է՝ որոշ տեղեկություններով, Ավինյանի բողոքներից հետո։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։