28/01/2023 10:32
Պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա. Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ուղերձ է հղել Բանակի օրվա առթիվ:
«Այսօր լրանում է Հայոց բանակի կազմավորման 31-ամյակը։ Սա մեր դարավոր պատմության, մեր պետականության կարևորագույն ամսաթվերից է։
Դարերի ընթացքում տարբեր երկրների պաշտպանությանը բազմաթիվ հերոսներ, գեներալներ, մարշալներ տված հայ ժողովուրդը ստեղծեց սեփական բանակը, որն արդեն 31 տարի է՝ մե´ր պետականության հենասյունն է։Մեր բանակն ունեցել է փառապանծ հաղթանակներ և հերոսական պատմագրություն։ Մենք ունեցել ենք ցավոտ կորուստներ, վերապրել դժվարին ժամանակներ:
2020-ից ի վեր Արցախի ու Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ նվիրյալներ իրենց կյանքը զոհաբերեցին հանուն մեր պետության ինքնիշխանության ու խաղաղության:
Հավերժ փա՛ռք ու խոնարհում նրանց անմար հիշատակին:
Այսօր ևս, այս դժվարին ժամանակներում, պայթյունավտանգ աշխարհում մեր սահմանների անվտանգությունն ու անառիկությունն ապահովում է հայոց բանակը։ Ու մեր բոլորի խնդիրն է՝ կանգնել մեր բանակի կողքին։
Անհրաժեշտ է հայոց բանակի նկատմամբ համազգային հոգատարություն` բանակաշինության խնդիրները մշտապես պահելով բոլորիս ուշադրության կենտրոնում: Շատ կարևոր է գիտակցել, որ պետության անվտանգությունը չի կարելի թողնել միայն բանակի վրա։ Իրական անվտանգություն հնարավոր է ապահովել մարտունակ բանակի, արդյունավետ պետական կառավարման, զարգացող տնտեսության, համերաշխ հասարակության և ուժեղ դաշնակիցների հետ իրական համագործակցության շնորհիվ։
Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել այս պահին սահմանին կանգնած ու մեր երկրի անդորրը հսկող զինվորներին ու սպաներին, բոլոր զինծառայողներին, նրանց համար գիշերուզօր աղոթող ծնողներին: Անփորձանք ծառայություն ու բարի վերադարձ հարազատ օջախներ: Խաղաղություն ու անառիկություն մեր հայրենիքի սահմաններին:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս...», - ասվում է ուղերձում։