28/01/2023 16:30
Մեր բանակն այսօր էլ ամուր կանգնած է, պարզապես նրան անհրաժեշտ է բանիմաց, փորձառու, հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարություն․ Արտակ Զաքարյան
Մենք իրոք ունենք մեծ ռեսուրս՝ մեր բանակը վերականգնելու համար, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ մեր բանակն այսօր էլ ամուր կանգնած է, պարզապես զինված ուժերին անհրաժեշտ է ճիշտ, բանիմաց, փորձառու, հայրենասեր ռազմաքաղաքական ղեկավարություն։
«Ոչ թե խամաճիկների ամբոխ, որոնք ուզում են, որ իրենց շուրջն ամեն ինչ իրենց նման լինի, այսինքն՝ բանակը քանդեն, պետությունը քանդեն, հասարակությանըպառակտեն, արժեքային համակարգը զրոյացնեն, մարդկանց ստիպեն մտածել միայն ստամոքսով, ինչպես իրենք են մտածում։ Իրենք այդպես են ուզում լինի, բայց այդպես չի լինելու»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը։
Նա վստահություն հայտնեց՝ վերականգնվելու ենք։
«Մենք Արցախ էլ ենք ունենալու, բանակն էլ լինելու նախկինի պես, նույնիսկ ավելի ամուր։ Ես հավատում եմ մեր ժողովրդի բանականությանը, մեր ժողովրդի իմաստնությանը, մեր ժողովրդի խորամիտ լինելուն, և վստահ եմ, որ մենք այս ժամանակներն ապրելու ենք որպես դաժան դաս և էլ ավելի ամուր, էլ ավելի խելացի, էլ ավելի համախմբված՝ դուրս ենք գալու այս իրավիճակից»,- ասաց Արտակ Զաքարյանը։