28/01/2023 10:29
«Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բուքմեյքերական ընկերությունները մեկ տարվա ընթացքում զգալի բարձրացրել են հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը հազար խոշոր հարկատուների ցանկից տեղեկացավ, որ հազար խոշոր հարկատուների ցանկի 43-րդ տեղը զբաղեցնող «Դիջիթեյն» ընկերությունը նախորդ տարի վճարել է 5 մլրդ 559 մլն 200 հազար դրամ: Նշենք, որ «Տոտո» ապրանքանիշով հայտնի այս ընկերությունը 2021 թվականին հազար խոշոր հարկատուների ցանկի 52-րդ տեղում է եղել, իսկ պետական բյուջե վճարել է 3 մլրդ 952 մլն 449 հազար դրամ:
Մյուս խոշոր հարկատուն «Կաբարկո» ընկերությունն է՝ «Աջարաբեթ» ապրանքանիշով, և զբաղեցնում է հազար խոշորների 30-րդ հորիզոնականը: Այս ընկերության հարկային վճարումները նախորդ տարի կազմել են 7 մլրդ 293 մլն 795 հազար դրամ: Բուքմեյքերական այս ընկերությունը ևս մեկ տարվա ընթացքում զգալի բարձրացրել է հարկերը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2021 թվականին «Կաբարկո»-ն զբաղեցրել է խոշոր հարկատուների ցանկի 50-րդ տեղը և պետական բյուջե կատարել է 4 մլրդ 1 մլն 830 հազար դրամի չափով հարկային վճարում:
Նույն պատկերն է նաև «Սոֆթ Կոնստրակտ» ընկերության դեպքում: Մեզ հայտնի դարձավ, որ խոշոր հարկատուների ցանկի 18-րդ տեղը զբաղեցնող այս ընկերությունը, որը հայտնի է «Վիվարո» ապրանքանիշով, նախորդ տարվա ընթացքում կատարել է 10 մլրդ 825 մլն դրամի հարկային վճարումներ, իսկ 2021 թվականին «Սոֆթ Կոնստրակտը» -ը դարձյալ զբաղեցրել է ցանկի 18-րդ տեղը՝ պետական բյուջե վճարելով 8 մլրդ 159 մլն 581 հազար դրամ հարկ:
Այս թվերն են գրանցվում այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հպարտանում էր, թե իրենց իշխանության օրոք խաղացողների թիվը նվազել է, այնինչ թվերն այլ բանի մասին են խոսում»։