28/01/2023 12:13
Հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ. թող ոչ մեկը չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել. Սասուն Միքայելյան
ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը կարծում է, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգության պատճառը կորպուսի հրամկազմի թերացումներն են եղել:
«Բանակում խնդիրներ կան, կորպուսի հրամկազմի թերացումներն է եղել, նրանք հեռացվել են պաշտոններից», - լրագրողների հետ զրույցում հայտարարեց Միքայելյանը:
Նա ընդգծեց՝ պետք է շատ հետևողական լինել:
«Ազգային ողբերգություն է տեղի ունեցել, բնականաբար, թերացումներ են եղել, երեխեքին այդպես բարձիթողի չպետք է թողնեն, բարձիթողի վիճակ է այնտեղ», - նշեց ԵԿՄ նախագահը:
Միքայելյանը խոստովանեց՝ հայկական բանակն այսօր այդքան մարտունակ չէ:
«Ադրբեջանցիք, ունենալով հզոր ռազմատեխնիկա, ամեն հնարավորության սահմաններում փորձում են հարձակվել մեր պետական սահմանների վրա: Թող ոչ մեկ չկասկածի, որ կարող է նորից պատերազմ սկսվել, ես կանգնած եմ հայ զինվորի կողքին, որ մեր բանակը մարտունակ դառնա», - ասաց նա: