28/01/2023 13:59
Բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածների անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում է դարձրել. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն (Ruben Vardanyan) ուղերձ է հղել Հայոց բանակի կազմավորման 31-ամյակի առթիվ:
«Այսօր մենք տոնում ենք Հայոց ազգային բանակի կազմավորման 31-րդ տարեդարձը: Սա իսկապես շատ կարևոր ու նշանակալից տոն է բոլոր հայերիս համար: Հայոց բանակի դերն ու նշանակությունն անուրանալի է Հայաստանի Հանրապետության պաշտպանության և, իհարկե, Արցախը հայկական պահելու հարցում, իսկ դա հայկական աշխարհի պաշտպանության երաշխիք է:
Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներում Հայոց բանակի բազմաթիվ կամավորներ անձնվիրաբար կռվել են և պաշտպանել Արցախը՝ կանխելով Արցախի ժողովրդի դեմ իրագործվող էթնիկ զտման քաղաքականությունը: Իմ խոնարհումն եմ հայտնում իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրաբերածներին:
Այսօր բազմաթիվ փորձությունների դիմադրող Արցախն ապացուցում է, որ ձեր անմնացորդ նվիրումն ու անձնազոհությունը մեզ ուժեղ ու անկոտրում են դարձրել:
Ուղերձս ամփոփեմ Հայոց բանակի պաշտպանության առաջին նախարար, սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքերով, որն ուղղված է մեզ բոլորիս. «Բանակը ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը և հայացքը ապագային։
Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտություն եմ ասում», - ասվում է ուղերձում: