28/01/2023 09:50
«Հրապարակ». Ինչումն է Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություններից մեկի գաղտնիությունը
«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու երեք միջնորդություն է ներկայացրել դատախազությունը, որոնցից մեկը համարվում է գաղտնի: Խոսքը հանրության համար ոչ այնքան գաղտնի անպիտան հրթիռների մասին է: Այս գործը տևական ժամանակ է գտնվում է դատարանում` 7 մեղադրյալների կազմով, և ուրեմն, ինչումն է գաղտնիությունը, եթե այդ գործի մասին գիտեն շատերը և բազմիցս գրվել է այդ մասին։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո ԱԱԾ-ում հարուցվեց գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես անորակ հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ, և մեղադրանք առաջադրվեց 7 անձի՝ պն նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին և այլոց։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրվում են բանակի համար 4 միլիոն դոլարի անպիտան հրթիռներ գնելու գործով։ Ըստ ԱԱԾ-ի՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով։ Դավիթ Տոնոյանը մեղադրվում է խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։ Արտակ Դավթյանը՝ իշխանությունը չարաշահելու կամ անգործության մեջ։ Ստեփան Գալստյանը նույնպես մեղադրվում է իշխանությունը չարաշահելու մեջ, որոնք ծանր հետևանքներ են առաջացրել։ Դավիթ Գալստյանը մեղադրվում է խարդախության և այլն։ Իսկ հրթիռները գնվել են դեռևս Սեյրան Օհանյանի Պաշտպանության նախարար աշխատելու ժամանակաշրջանում։ Այսպիսով՝ ինչումն է Օհանյանի մեղքը:
Մենք տեղեկացանք, որ դատախազության` խորհրդարան ուղարկած 20 էջանոց միջնորդության մեջ Օհանյանին վերագրվող մեղքն այն է, որ հրթիռներն իր օրոք ձեռք են բերվել տարբեր գնով՝ առաջին անգամ անհամեմատ էժան, երկրորդ խմբաքանակը՝ թանկ և սրանում իրավապահները կոռուպցիայի հոտ են առել։ Օհանյանն այս գործով վկայի կարգավիճակում հարցաքննվել է, ասել է, որ հրթիռները 2011-ին են ներկրվել Հայաստան, սակայն ՊՆ-ն չի գնել դրանք, քանի որ պարզել է, որ անսարք են։ «Մատակարարի կողմից խնդրվել է, որ այդ հրթիռները մնան պահեստներում», որպեսզի հետագայում լիցենզիա ձեռք բերի և դրանք վաճառի «երրորդ երկրի»»։