30/01/2023 20:55
Որո՞նք են ծայրամասային անոթային հիվանդության ախտանիշները․ արդյոք հիվանդությունը միայն տարիքի հե՞տ է կապված
Ծայրամասային զարկերակների հիվանդությունը արյան շրջանառության տարածված խնդիր է, երբ նեղացած զարկերակները նվազեցնում են արյան հոսքը վերջույթներում:
Ինչպես հուշում է անվանումը, հիվանդությունը ներառում է վարջույթների զարկերակների ախտահարումները։
Երբ զարգանում է ծայրամասային զարկերակների հիվանդություն, ոտքերը և ավելի հազվադեպ՝ ձեռքերը չեն ստանում բավարար արյուն, որ պահպանեն վերջույթների մկանների և մյուս հյուսվածքների թթվածնի և սննդանյութերի պահանջարկը: Սա կարող է առաջացնել բնորոշ ախտանիշներ, օրինակ՝ ոտքերի, գլխավորապես՝ սրունքների և ոտնաթաթերի ցավ, երբ քայլում եք։ Նույն շրջաններում կարող են զարգանալ մաշկի մազաթափություն և փայլի կորուստ, ոտնաթաթերի եղունգների փխրունացում և կոտրտվածություն:
Նաև հավանական է, որ ծայրամասային զարկերակների հիվանդությունը լինի զարկերակներում ճարպային նստվածքների կուտակման նշան (աթերոսկլերոզ), որը բերում է վերջույթների զարկերակների նեղացման և ոտքերի, հազվադեպ ձեռքերի արյան հոսքի նվազեցման: Թեև հիվանդությունը կյանքին սպառնացող չէ, սակայն վերջույթների զարկերակների ախտահարումն ինքնին նշանակում է, որ առկա է ծանր աթերոսկլերոզ, որը բարձրացնում է ավելի ծանր հիվանդությունների ռիսկը, որոնցից են ինսուլտը և սրտի իշեմիկ հիվանդությունը, ներառյալ՝ սրտամկանի ինֆարկտը:
Առանձին ուշադրության է արժանի հիվանդությանը բնորոշ բարդություններից ևս մեկը՝ վերջույթի իշեմիան, որը կարող է հանգեցնել հիվանդ ոտքի անդամահատման։
Եթե բժիշկը կասկածում է, որ ունեք ծայրամասային զարկերակների հիվանդություն, կարող է առաջարկել ոտքերի զարկերակներով արյան հոսքի ստուգման հետազոտություն։ Ծայրամասային զարկերակների հիվանդությունը կարող է հաջողությամբ բուժվել ֆիզիկական վարժանքներով, առողջ սննդակարգով և ցանկացած տեսակի ծխախոտի օգտագործման դադարեցմամբ:
Ծայրամասային զարկերակների հիվանդությամբ բազմաթիվ մարդիկ որևէ գանգատ չեն ներկայացնում. կամ ունեն թեթև ախտանիշներ, կամ ցավեր քայլելիս։
Ծայրամասային զարկերակների հիվանդությանը բնորոշ ընդմիջվող կաղությունը ներառում է ոտքերի մկանների ցավ կամ ջղաձգում, որն առաջանում է որևէ գործողություն կատարելիս: Ցավի տեղակայումը կախված է խցանված կամ նեղացած զարկերակի դիրքից: Ամենատարածված տեղակայումը սրունքի ցավն է, որը երբեմն կարող է բարձրանալ դեպի ազդր։
Ընդմիջվող կաղության ծանրությունը կարող է լինել տարբեր՝ սկսած թեթև անհարմարավետությունից՝ մինչև տանջալի ցավեր:
Ծայրամասային զարկերակների հիվանդության ախտանիշներից են՝
մեկ կամ զույգ ազդրերի և սրունքների մկանների ցավոտ ջղաձգում, որն առաջանում է որոշ ակտիվությունից հետո, օրինակ՝ աստիճաններով բարձրանալիս,
ոտքի թմրածություն կամ թուլություն,
ոտքի ստորին շրջանի կամ ոտնաթաթի սառնություն, հատկապես, երբ համեմատվում է մյուս կողմի հետ,
ոտքերի, ոտնաթաթերի կամ մատների վրա չլավացող խոցեր,
ոտքերի կամ ոտնաթաթերի գույնի փոփոխություններ (գունատություն կամ կապտավուն երանգ),
ոտքերի կամ սրունքների մազաթափություն և մազերի աճի դանդաղում,
ոտքերի կամ ոտնաթաթերի վրա անոթազարկի թուլացում կամ անհետացում,
տղամարդկանց մոտ՝ էրեկտիկ դիսֆունկցիա (իմպոտենցիա),
Եթե հիվանդությունը հարաճուն զարգանում է, ցավը կարող է ի հայտ գալ նաև հանգիստ վիճակում կամ պառկած դիրքում:
Եթե ունեք ոտքի ցավ, թմրածություն կամ այլ ախտանիշներ, մի կարծեք, թե այս գանգատները տարիքի հետ կապված նորմալ երևույթներ են։ Պայմանավորվեք և այցելեք բժշկի:
Անհետաձգելի ուշադրություն և գործողություններ պահանջող ախտանիշներից են՝
ախտահարված ոտքի մկանների շարժման անհնարինություն,
ախտահարված ոտքի շրջանում այրող կամ ծակծկող զգացողությունների առաջացում,
ոտքի մատների հանկարծակի կապտում,
ոտնաթաթերում կամ այլ շրջաններում առկա խոցերից տհաճ հոտով թարախային արտադրություն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։