30/01/2023 18:57
Երեխաների ատամների պատշաճ խնամքն ու առաջացած խնդիրների կանխարգելումը
Երեխաների մոտ (հատկապես 1-3 տարեկան) ատամների կարիեսը շատ արագ է զարգանում, ուստի ծնողները պետք է շատ ուշադիր լինեն և պարբերաբար ստուգեն ատամների վիճակը, քանի որ հակառակ դեպքում դրանք կարող են շատ արագ քայքայվել:
Մասնագետները նշում են, որ երեխաների կաթնատամները սկսում են ներսից քայքայվել, քանի որ ստրեպտոկոկներն ախտահարում են ատամների հյուսածքները: Այս ախտածին միկրոօրգանիզմները սովորաբար երեխային են փոխանցվում ծնողներից: Բացի այդ, հիվանդության զարգացման պատճառ կարող են դառնալ նաև հղիության վաղ փուլերում կնոջ տարած վարակիչ հիվանդություններն ու դեղորայքի երկարատև ընդունումը, փոքրիկի ատամների սխալ հիգիենան, երեխայի թքի որակը, սննդակարգում ունեցած վատ սովորությունները (օրինակ ծծակը կամ շիշը բերանում քնելը), ինչպես նաև գիշերվա ժամերին երեխային հաճախ կամ երկարատև կերակրելը:
Շատերը կարծում են, որ կաթնատամների ախտահարման դեպքում բուժման անհրաժեշտություն չկա, քանի որ դրանք մշտական ատամներ չեն, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ այս խնդիրը խիստ բացասաբար է ազդում երեխայի ամբողջ օրգանիզմի վրա: Բանն այն է, որ երբեմն ատամների ախտահարման դեպքում ատամների ներսում սկում է թարախային զանգված կուտակվել, որը կարող է ախտահարել նաև փափուկ հյուսվածքները: Այս դեպքում վնասակար բակտերիաները կարող են հեշտությամբ ներթափանցել արյան մեջ և դառնալ խիստ վտանգավոր խնդիրների առաջացման պատճառ (օրինակ՝ մենինգիտ, թրոմբոֆլեբիտ, սեպսիս և այլն):
Մասնագետներն առանձնացնում են մանկական կարիեսի 4 փուլ՝ կախված ախտահարման մակարդակից.
Սկզբնական, որի դեպքում ախտահարվում է էմալը և պատվում է տարատեսակ հետքերով:
Մակերեսային, որի դեպքում ատամների հյուսվածքների մեջ անցքեր ու խոռոչներ են առաջանում և անտամները դառնում են ավելի զգայուն քաղցր, աղի ու թթու մթերքի հանդեպ:
Միջին, որի ժամանակ քայքայվում են կաթնատամները և միաժամանակ քայքայվում է ատամնոսկրը: Այս դեպքում անտամները դառնում են ավելի զգայուն տաք ու սառը մթերքի հանդեպ, ինչպես նաև նկատվում են կտրուկ ցավի նոպաներ:
Խորը, որի ժամանակ ախտահարվում են անգամ ատամների փափուկ հյուսվածքները և առաջանում են ցավոտ զգացողություններ ցանկացած սնունդ ընդունելիս:
Մանկական կարիեսի դեպքում բուժմանը հարկավոր է մոտենալ ամենայն պատասխանատվությամբ: Գոյություն ունեն բուժման բազմաթիվ մեթոդներ, սակայն հարկավոր է ընտրել դրանցից ամենաանվտանգը՝ վնասվածքներից ու բարդություններից ազատվելու համար:
Բացի այդ, հարկ է հիշել, որ հիվանդությունը կանխարգելելն ու վաղ փուլերում բուժելը շատ ավելի հեշտ է, քան դրա հետևանքով առաջացած բարդությունների դեմ պայքարելը, ուստի հարկավոր է շատ մեծ ուշադրություն դարձնել խնդրի կանխարգելմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։