30/01/2023 20:00
ԱՀԿ-ն աշխարհի երկրներին կոչ է արել համատեղ պայքարել «մոռացված» արևադարձային հիվանդությունների դեմ
«Մոռացված» (անտեսված) արևադարձային հիվանդությունների միջազգային օրվա կապակցությամբ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով աշխարհի երկրներին կոչ է արել լրացուցիչ միջոցներ ուղղել «մոռացված» արևադարձային այնպիսի հիվանդությունների դեմ պայքարում, ինչպիսիք են Չիկունգունյա տենդը, դրակունկուլյոզը, բորոտությունը։
ԱՀԿ-ի զեկույցում ընդգծվում է, որ այդ հիվանդությունները շարունակում են անհանգստացնել համաշխարհային հանրության ամենաաղքատ խավերին, որոնք բնակվում են այնպիսի տարածաշրջաններում, որտեղ ջրի, առողջապահական ծառայությունների հասանելիության, սանիտարահիգիենիկ պայմանների պատշաճ ապահովման հետ կապված խնդիրներ կան։ Ըստ զեկույցի՝ 2021 թվականին 179 երկրում ու տարածաշրջանում գրանցվել են «մոռացված» արևադարձային հիվանդությունների դեպքեր, որոնց 80 տոկոսը բաժին է ընկել 16 պետության։
«ԱՀԿ-ն բոլորին, այդ թվում՝ երկրների ղեկավարներին ու հասարակություններին կոչ է անում ակտիվ ու կայուն ներդրումներ կատարել՝ աշխարհի հասարակություների առավել խոցելի խավերին, որոնց սպառնում են այս հիվանդությունները, դուրս բերելու արատավոր շրջանից ու ծայրահեղ աղքատության ճիրաններից»,- նշված է զեկույցում։