30/01/2023 17:19
Արցախում՝ Արևիկ Գրիգորյանի ընտանիքում, լույս աշխարհ է եկել տան իններորդ երեխան
Շրջափակման պայմաններում երեխայի ծնունդը ծնողները խորհրդանշական են համարում. չնայած բոլոր խոչընդոտներին՝ կյանքն Արցախում շարունակվում է։ Երեխային անվանակոչել են Էմիլ՝ ի պատիվ հայրիկի՝ 44-օրյա պատերազմում զոհված եղբոր, ի դեպ, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո ծնված փոքրիկին էլ անվանակոչել են Ռոբերտ՝ ի պատիվ Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի։
Մինչև 44-օրյա պատերազմը բազմազավակ մայրիկն աշխատում էր Քաշաթաղի շրջանի Հերիք գյուղի՝ Ռոբերտ Աբաջյանի անվան դպրոցում, պատերազմից հետո Արևիկը կորցրեց աշխատանքը, տունը։ Ընտանիքը ստիպված էր որոշ ժամանակ տեղափոխվել Երևան, ժամանակավոր բնակարանում Արևիկը հյուրասենյակի պատին փակցրել էր Ռոբերտ Աբաջյանի, Արմենակ Ուրֆանյանի, Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի լուսանկարներով պաստառ. Հերիքի իր տնից շատ բան չէր կարողացել վերցնել, հերոսների պաստառը չվերցնել չէր կարող։
Հարցին՝ Երևանու՞մ է, լավ, թե՞ Արցախում, երեխաները թոթով լեզվով պատասխանում էին՝ Արցախից լավ տեղ աշխարհում չկա։ Հիմա ընտանիքն աշխարհի ամենալավ տեղում է՝ ճիշտ է Քաշաթաղ վերադառնալ չէին կարող, բայց Մարտունիում են։ Արևիկն ասում է՝ իրենց նոր տանը հեշտ հարմարվեցին, կարևորը՝ հայրենիքում են։
Ընտանիքի վեց տղաներն էլ երազում են զինվոր դառնալ, փոքրիկ Ռոբերտի ամենասիրելի հագուստը զինվորական համազգեստն է, որ գրեթե միշտ հագին է՝ հատկապես հյուր գնալիս ու տանը հյուր ընդունելիս տղան պարտադրում է մայրիկին համազգեստը հագցնել։
Բազմազավակ մայրիկն ասում է՝ անգամ այս պայմաններում Արցախը լքելու մասին չեն մտածում, լավատես է, որ նորից հին ու բարի ժամանակների նման խաղաղ ու անհոգ կապրեն։
«Այս պայմաններում չեղավ մի օր, որ երեխաներս տրտնջան, ասեն՝ ճանապարհը բացվի, Երևան գնանք։ Այո, դժվարությունները քիչ չեն, հաճախ առաջին անհրաժեշտության ապրանք գնելիս երկար հերթ ենք կանգնում, լինում է, որ այդպես էլ չի ստացվում գնել, բայց շատ լավ գիտակցում ենք՝ այդ բոլոր խնդիրներն անցողիկ են։ Ծննդատանը հարցնում էին՝ փոքրիկի ապագան արդյո՞ք Արցախում եմ պատկերացնում, վստահ պատասխանում եմ՝ ոչ միայն փոքրիկիս. բոլոր երեխաներիս ապագան եմ Արցախում տեսնում։»։