30/01/2023 16:43
Եթե ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ․ Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը (Ruben Vardanyan) հունվարի 29-ին Ստեփանակերտի տարբեր թաղամասերում հանդիպումներ է ունեցել բնակչության հետ:
Ինչպես անցած շաբաթվա ընթացքում համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանրային հանդիպումների ընթացքում Ռուբեն Վարդանյանը խոսել է այն մարտահրավերների և խնդիրների մասին, որոնց պետությունն ու հասարակությունն առերեսվում են ադրբեջանական շրջափակման պատճառով:
Պետնախարարը ներկայացրել է Օպերատիվ շտաբի կողմից ճգնաժամային իրավիճակում բնակչության կենսագործունեության ապահովման, հրատապ խնդիրների լուծման, ճգնաժամի հետևանքների մեղմման, ինչպես նաև ապաշրջափակման ուղղությամբ տարբեր ոլորտներում ու ասպարեզներում կատարվող աշխատանքները: Նա կարևոր է համարել այս բարդ ժամանակաշրջանում ժողովրդի հետ հետադարձ կապի պահպանումը, ամբողջական տեղեկատվության փոխանցումը, ինչը հանրությանը կօգնի ավելի լավ հասկանալ իրավիճակն ու համատեղ ջանքերով հաղթահարել այն: «Եթե մենք ուզում ենք, որ Ադրբեջանն Արցախը հայաթափելու իր ծրագրերում չհաջողի, մենք ունենք մեկ ճանապարհ՝ սեղմել ատամներն ու առաջ գնալ: Ու դա կարող ենք անել միայն համախմբվելու միջոցով»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:
Պետնախարարը լսել է ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Օպերատիվ շտաբի կողմից իրականացվող աշխատանքների վերաբերյալ բնակչության կարծիքներն ու մոտեցումները, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:
Ինչպես համայնքներում, այնպես էլ Ստեփանակերտում հանդիպումների մասնակիցները վստահեցրել են, որ ոչ մի շրջափակում չի կարող կոտրել հայրենի հողում իրենց արժանապատիվ կյանքը շարունակելու հաստատակամությունը: