30/01/2023 11:48
Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ն ավելի քան 45 երկրի ներկայացրել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերը
Ավելի քան 45 երկրների ներկայացուցիչների Արման Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ը ներկայացրել են Հայաստանի ու Արցախի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի փաստերն ու նրանց իրական մտադրությունները:
Իրավունքի և արդարադատության կենտրոնի «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը մասնակցել է Հայկական Կարիտասի և վերջինիս միջազգային գործընկերների (Caritas-Internationalis և @Caritas Europa) կազմակերպած տեսակոնֆերանսին` ներկայացնելով Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն Ադրբեջանի իշխանությունների կողմից փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը:
Տեսակոնֆերանսին մասնակցել են Կարիտաս կոնֆեդերացիայի մեջ մտնող ավելի քան 45 ներկայացուցիչներ տարբեր երկրներից:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը ներկայացրել է նաև Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ համայնքներում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական լայնածավալ զինված հարձակումներից հետո փաստահավաք առաքելությունների արդյունքները։
Մասնավորապես, արձանագրվել է, որ ադրբեջանական ներխուժումների արդյունքում ՀՀ սահմանային բնակիչները չեն կարողանում օգտվել արոտավայրերից, խոտհարքներից, վարելահողերից, որի արդյունքում առաջ են եկել սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ:
Վտանգված են մարդկանց կյանքն ու առողջությունը՝ ադրբեջանական զինված ուժերի՝ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ, իսկ մի շարք գյուղերում նաև հենց գյուղերի տարածքներում անօրինական ներկայության, կրակոցների պատճառով: Ադրբեջանական զինված ծառայողներն անօրինական ներկա են նաև համայնքների միջև ճանապարհներին: Այս ամենի արդյունքում խաթարված է մարդկանց բնականոն կյանքն ամբողջությամբ։
«Մեր առաջնային նպատակը պետք է լինի ադրբեջանական զինված ծառայողներին հեռացնելը ոչ միայն մեր օկուպացված տարածքներից, այլ նաև 2020 թվականի պատերազմից հետո մեր գյուղերի ու ճանապարհների մոտ գտնվող տեղայակումներից»,- շեշտել է Արման Թաթոյանը, միաժամանակ ընդգծելով, որ Ադրբեջանի թշնամանքը նույնն է Հայաստանի և Արցախի նկատմամբ. ցեղասպան քաղաքականությունն առաջ է տարվում պետական մակարդակով:
Տեսակոնֆերանսին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ներկայացրել է Արցախի բնակչության կյանքի ճանապարհի՝ Բերձորի (Լաչին) միջանցքի շրջափակման հետևանքները։
Ադրբեջանական իշխանությունները պարբերաբար դադարեցնում են գազամատակարարումը, արդեն ունեցել են փորձ կտրելու ինտերնետային մալուխները: Այս ամենի հետևանքով Արցախում չեն գործում դպրոցներն ու մանկապարտեզները, հասանելի չեն ատամնաբուժական ծառայություններ, այլ բժշկական ծառայությունների հասանելիությունը խիստ սահմանափակ է, խիստ սահմանափակված է նաև դեղերի հասանելիությունը:
Քննարկման ժամանակ մասնակիցներին ողջունել է Հայկական Կարիտասի նախագահ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամենապատիվ և Գերերջանիկ Տ. Ռաֆայել Պետրոս Մինասյանը՝ ընդգծելով մարդասիրական ճգնաժամի կանխարգելման և մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանն ուղղված ցանկացած քայլի կարևորությունը, միաժամանակ, շեշտելով, որ Ադրբեջանի գործողություններն արցախահայության նկատմամբ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում են։