30/01/2023 13:45
Սպառողական փոխառությունները, վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտներն առաջարկվում է տրամադրել միայն ՀՀ դրամով
«Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրել միայն ՀՀ դրամով, իսկ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ` ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները` նաեւ արտարժույթով:
Ներկայումս ՀՀ ռեզիդենտ քաղաքացիները կարող են ցանկացած արժույթով ստանալ հիփոթեկային վարկեր:
ՔՊ-ական պատգամավոր Գեւորգ Պապոյանի խոսքով՝ արտարժույթի տատանումների հետեւանքով վարկերի մարման մասով մեծ ռիսկեր են առաջանում:
«Հայաստանում փոխարժեքը լողացող է, եւ ԿԲ-ն ու Կառավարությունը չունեն այն ֆիքսելու որեւէ քաղաքականություն: Մենք չենք պատրաստվում դրան ոչ միջամտել, ոչ էլ մեր պահուստային ռեզերվները ծախսել փոխարժեք պահպանելու վրա»,- ընդգծել է նա՝ հավելելով, որ քաղաքացիներին միայն դրամային վարկեր տրամադրելու միջոցով հնարավոր կլինի նվազեցնել ռիսկերը:
Խոսելով պարտքի վարման պետական քաղաքականությունից` Գեւորգ Պապոյանը նշել է, որ պետությունը հնարավորինս շատ պարտք ներգրավում է դրամով եւ հնարավորինս քիչ` արտարժույթով:
Նախաձեռնությամբ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը շարադրվել է հետեւյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի առքի կամ վաճառքի գործարքները, այդ թվում` սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններով գործարքները, իրականացվում են մասնագիտացված անձանց միջոցով եւ ներդրումային ընկերությունների միջոցով, որոնք կարող են իրականացնել արտարժույթի առք ու վաճառք` «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքով եւ (կամ) դրա հիման վրա ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում եւ կարգով»:
Նախաձեռնության վերաբերյալ Կառավարության դրական դիրքորոշումը բարձրաձայնել է ԿԲ նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ քննարկումների ընթացքում բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դիտարկումներ:
«Ներկայումս կան 133 մլրդ դրամի արտարժույթով հիփոթեքային վարկեր»,- ընդգծել է ԿԲ փոխնախագահը: