31/01/2023 19:57
Պատանեկան կամ 1-ին տիպի դիաբետ․ Հիվանդության սկիզբն ու ընթացքը
1-ին տիպի դիաբետը, որը հայտնի է նաև պատանեկան դիաբետ կամ ինսուլին-կախյալ դիաբետ անվամբ, քրոնիկ հիվանդություն է։
Այս հիվանդության ժամանակ ենթաստամոքսային գեղձը ինսուլին քիչ է արտադրում կամ ընդհանրապես չի արտադրում: Օրգանիզմն օգտագործում է ինսուլին հորմոնը, որպեսզի շաքարը թափանցի բջիջ և արտադրի էներգիա:
Տարբեր գործոններ, ինչպիսիք են գենետիկան և որոշ վիրուսներ, կարող են առաջացնել 1-ին տիպի դիաբետ: 1-ին տիպի դիաբետը սովորաբար ի հայտ է գալիս մանկության կամ պատանեկության տարիներին, սակայն կարող է զարգանալ նաև չափահասների մոտ:
Նույնիսկ մեծաքանակ հետազոտություններից հետո 1-ին դիպի դիաբետը բուժում չունի: Բուժումն ուղղված է ինսուլինի, սննդակարգի և ապրելակերպի միջոցով արյան մեջ շաքարի քանակի կառավարմանը՝ բարդությունները կանխելու համար:
1-ին տիպի դիաբետի ախտանիշները կարող են ի հայտ գալ հանկարծակի:
Հիվանդության ախտանիշներից են՝
սովորականից ավելի ուժեղ ծարավի զգացում,
հաճախամիզություն,
երեխաների մոտ հանկարծակի ի հայտ եկող գիշերային անմիզապահություն,
խիստ քաղցի զգացում,
չնախատեսված քաշի կորուստ,
դյուրագրգռություն կամ տրամադրության այլ փոփոխություններ,
ընդհանուր թուլություն և հոգնածություն,
մշուշոտ տեսողություն:
1-ին տիպի դիաբետի առաջացման հստակ պատճառը հայտնի չէ:
Օրգանիզմի իմունային համակարգը, որը նորմայում պայքարում է վնասակար բակտերիաների և վիրուսների դեմ, սովորաբար ոչնչացնում է ենթաստամոքսային գեղձի (պանկրեաս) ինսուլին արտադրող բջիջները։
Այլ հնարավոր պատճառները ներառում են՝
ժառանգականություն,
վիրուսների և շրջակա միջավայրի այլ գործոնների ազդեցություն:
Երբ արյան գլյուկոզի մակարդակները ցածր են, օրինակ, երբ մարդը երկար ժամանակ սնունդ չի ստացել, լյարդը տրոհում է պահեստավորված գլիկոգենը: Սա պահում է գլյուկոզի մակարդակը նորմայի միջակայքում:
1-ին տիպի դիաբետի ժամանակ բացակայում է ինսուլինը, որը պիտի թույլատրեր գլյուկոզի մուտքը բջիջներ: Այդ պատճառով շաքարը սկսում է կուտակվել արյան մեջ: Սա կարող է առաջացնել կյանքին սպառնացող բարդություններ:
Որոշ գործոններ ևս կարող են բարձրացնել 1-ին տիպի դիաբետի ռիսկը․
Ընտանեկան պատմություն. եթե ծնողներից կամ արյունակից հարազատներից մեկնումեկն ունի 1-ին տիպի դիաբետ, հիվանդության զարգացման ռիսկը քիչ բարձրանում է։
Գենետիկա. որոշ գեների առկայությունը բարձրացնում է 1-ին տիպի դիաբետի զարգացման ռիսկը։
Աշխարհագրություն. 1-ին տիպի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց թիվն ավելի մեծ է, երբ նրանք հեռանում են հասարակածից:
Տարիք. 1-ին տիպի դիաբետը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, սակայն պիկին է հասնում 4-ից 7 տարեկան երեխաների մոտ: Երկրորդ պիկը 10-ից 14 տարեկանների մոտ է։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։