31/01/2023 17:49
Արարատ Միրզոյանը Ճապոնիայի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները
Հունվարի 31-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
«Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանը ու կայունությանը վերաբերող հարցերի:
Նախարար Միրզոյանը ճապոնացի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի մանրամասները: Շեշտվել է, որ Ադրբեջանի գործողությունները նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում են, և միտված են Լեռնային Ղարաբաղի ժողովրդին էթնիկ զտման ենթարկելուն:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը՝ ուղղված Լաչինի միջանցքի անհապաղ ապաշրջափակմանը, ինչպես նաև՝ միջազգային համապատասխան կառույցների անարգել հումանիտար մուտքի ապահովմանը Լեռնային Ղարաբաղ:
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները: Ընդգծվել է, որ Ադրբեջանի առավելապատշատական մոտեցումները խաթարում են խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը:
Քննարկվել են նաև հայ-ճապոնական երկկողմ, ինչպես նաև` բազմակողմ հարթակներում հաստատված համագործակցության հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:
Նախարար Միրզոյանը կարևորել է Ճապոնիայի շարունակական աջակցությունը` ուղղված տարբեր բնագավառներում Հայաստանի կարողությունների ամրապնդմանը և ինստիտուցիոնալ զարգացմանը»,- նշված է ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում: