31/01/2023 16:41
2023 թվականին ունենալու ենք 4.6 տոկոս տնտեսական աճ. ԿԲ նախագահ
ԿԲ-ն վարում է դասական դրամավարկային քաղաքականություն, Կենտրոնական բանկում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
«Կարծում եմ՝ մեր բոլոր գործողությունները եղել են տրամաբանված և տեղին, ինչի արդյունքում մենք տարին փակեցինք 8.3 տոկոս գնաճով. սա մեր թիրախից բարձր է, բայց շատ ավելի լավ ցուցանիշ է, քան աշխարհի շատ երկրներում։ Տնտեսական աճն էլ իր հերթին աշխարհում լավագույն ցուցանիշների շարքում է», - ասաց ԿԲ նախագահը։
Գալստյանի խոսքով՝ նախորդ տարվա ընթացքում տրանսֆերտների ցուցանիշով զուտ ներհոսքը ռեկորդային է՝ 2.5 միլիարդ։
«Առաջին տեղում Ռուսաստանն է՝ մոտ 71 տոկոս, երկրորդը՝ ԱՄՆ-ն, երրորդը՝ այլ, որը նշանակում է երկրների համախումբ», - ասաց ԿԲ նախագահը։
Նրա գնահատմամբ՝ 2023 թվականին շինարարության ճյուղը շարունակելու է բավականին բարձր աճ գրանցել, կլինի նաև արդյունաբերության աճ՝ 5.7 տոկոս.
«Ըստ մեր կանխատեսումների՝ տարվա ընթացքում ունենալու ենք 4.6 տոկոս տնտեսական աճ»։