31/01/2023 18:55
«Զրպարտանք է»․ ՄՕԿ-ից արձագանքել են Զելենսկու խորհրդականի հայտարարությանը
Նախօրեին Ուկրաինայի նախագահի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ Միջազգային օլիմպիական կոմիտեին ու կոմիտեի նախագահ Թոմաս Բախին մեղադրելով կոռուպցիայի և Ռուսաստանի գործողությունները խրախուսելու մեջ։
Միջազգային օլիմպիական կոմիտեն այսօր արձագանքել է ուկրաինացի պաշտոնյայի հայտարարությանը՝ այն որակելով զրպարտություն։
«ՄՕԿ-ը ամենախիստ ձևով դատապարտում է այս և այլ զրպարտչական հայտարարությունները, դրանք չեն կարող որևէ կառուցողական քննարկման հիմք դառնալ»,- նշված է ՄՕԿ-ի հայտարարությունում, որը մեջբերել է Reuters գործակալությունը։
Նշենք, որ ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն առաջարկել էր ռուս և բելառուս այն մարզիկներին, որոնք ակտիվորեն չեն աջակցում Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության անցկացմանը, թույլատրել չեզոք կարգավիճակով մասնակցել միջազգային մրցումներին՝ մի շարք պայմանների կատարման դեպքում։
Ուկրաինայում այս մոտեցումը չեն ողջունում։