31/01/2023 11:51
Զորամասի կացարանում հրդեհի հետևանքով վերակենդանացման բաժանմունքից հիվանդասենյակ տեղափոխված կապիտանը դեռ չի հարցաքննվել
Կապիտանը, որին պաշտոնական վարկածով մեղսագրվում է Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում անզգուշությամբ հրդեհ բռնկելը, դեռևս չի հարցաքննվել։
Aysor.am-ին այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Աբրահամյանի խոսքով՝ սպայի առողջական վիճակը դեռ թույլ չի տալիս իրականացնել քննչական գործողություններ։
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։
Այսօր նույն գործի շրջանակներում ձերբակալվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն: