01/02/2023 14:10
Մեծ երազանքն իրականություն դարձավ. Մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը Հայաստանում մարմնամարզության ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր կլուծի. Գագիկ Վանոյան
2027 թվականին կայանալիք տղամարդկանց և կանանց սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կկայանա Երևանում:
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը կարծում է, որ Եվրոպայի առաջնությունը Երևանում անցկացնելը Հայաստանում մարմնամարզության ապագայի հետ կապված բազմաթիվ հարցեր կլուծի:
«Մշտապես շատ մեծ ցանկություն ենք ունեցել Հայաստանում միջազգային մրցաշար անցկացնելու, մանավանդ, որ մարմնամարզությունում լավ արդյունքներ ունենք: Ֆեդերացիայում քննարկումների արդյունքում ու կառավարության աջակցությամբ փորձեցինք Եվրոպայի առաջնությունը բերել Հայաստան»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վանոյանը:
Նշեց՝ հասկանում են, որ մեծ ծախսերի հետ է կապված առաջնության անցկացումը ու, ի պատիվ ՀՀ կառավարության, կարողացել են իրականություն դարձնել մեծ երազանքը` անցկացնել Եվրոպայի առաջնությունը Երևանում:
Վանոյանը կասկած չունի՝ առաջնությունը լավագույններից մեկն է լինելու Երևանում ու դրա համար անելու են ամեն բան:
Հիմնական մրցաշարը կանցկացվի Մարզահամերգային համալիրում, իսկ մարզումային մարզադպրոցը կլինի Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցը:
Ծախսերն ամբողջությամբ կհոգա ՀՀ կառավարությունը: