01/02/2023 09:44
«Ժողովուրդ». Պատրոն Դավոյի գործով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչև ՊՆ գեներալների
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին կալանավորելու ու նրա գործողությունների մասով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչև ՊՆ գեներալների: Տեղեկացանք, որ նախաքննական մարմինն այս օրերին ստուգում է ՊՆ պաշտոնյաների ներգրավվածությունը: Գրել էինք, որ Դավիթ Գալստյանը կալանավորվելու է, քանի որ ԱԱԾ-Ն բացահայտումներ է արել նրա ՍՊԸ-ի կողմից միլիարդների չարաշահումների մասով:
Նշենք, որ 2022 թվականի հունիսի 17-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում ձերբակալվել է ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը:
Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ ՀՀ զինված ուժերի հրթիռային զորքերի և հրետանու նախկին պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Արմեն Հարությունյանը 523.089.000 ՀՀ դրամին համարժեք 1.083.000 ԱՄՆ դոլարի անորակ հրթիռներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել, ինչը պետության համար առաջացրել է նյութական ծանր հետևանքներ»։