01/02/2023 17:05
«Միանում ենք Արցախի մայրերի կոչին»․ Կանայք միասնականության ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց
Հայաստանի տարբեր հատվածներում ապրող մի խումբ մայրեր փետրվարի 1-ին միասնականության ակցիա են իրականացրել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց:
«Մենք այստեղ ենք, որպեսզի միանանք Արցախի մայրերի կոչին և բաց նամակ հանձնենք Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, որ նրանք քայլեր ձեռնարկեն Արցախն ապաշրջափակելու, Ադրբեջանի հանցավոր ահաբեկչական գործողությունները դադարեցնելու համար»,- հայտարարել են նրանք։
Ակցիայի մասնակիցները ԵՄ դեսպանատանն են փոխանցել Արցախի մայրերի կազմած բաց նամակը, որով նրանք օրեր առաջ դիմել էին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ ակնկալելով համարժեք գնահատական Ադրբեջանի գործողություններին և աջակցություն Արցախի ապաշրջափակման գործին։
Նախաձեռնության հեղինակներից Արաքսյա Գրիգորյանը, դիմելով Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին, հորդորել է նրան Արցախի ձայնը լսելի դարձնել և նամակը փոխանցել Ուրսուլա ֆոն դեր Լայենին։
«Յուրաքանչյուր հայ պետք է ինչ-որ բան անի, որպեսզի Արցախն ու մեր 120 հազար հայրենակիցները, որոնք մատնված են սովի ու ցրտի, կարողանան դուրս գալ ստեղծված իրավիճակից»,- ասել է նա: