01/02/2023 13:06
Կացարանում 15 զինծառայողի մահվան դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ. ՔՊ-ական պատգամավոր
Բանակում սկսվել են շրջադարձային փոփոխություններ, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Դիտարկմանը, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ լուրջ խնդիրներ կան բանակում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքեց, որ կացարանում ապահովված էին տարրական պայմաններ:
«Բայց ինչպիսի տարրական պայմաններ էլ որ ապահոված լինեին, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է կրակի վրա, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լիներ, որ վնասներ չառաջանային, այլ հարց, որ հետևանքների առաջացրած ծանրության մեջ կարող են փոփոխություններ լինել, հարուցված է քրեական գործ, բոլոր հանգամանքները պարզվելուց հետո կհասկանանք՝ ինչ է պետք անել», - ընդգծեց Խաչատրյանը:
Նա ասաց, թե տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, բավական լավ տնակներ են պատրաստվում ու անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում:
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ:
«Պատերազմական իրավիճակն ամեն պահի Հայաստանում ու տարածաշրջանում կարող է լինել: Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել», - ասաց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ 2023 թվականի հունվարի 19-ին՝ կեսգիշերն անց, ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության սպան, հանդիսանալով նստեցման շրջանի պատասխանատու, սահմանված կարգի խախտմամբ, Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի 1-ին փողոցի 20-րդ տուն հասցեում տեղակայված վերոնշյալ ստորաբաժանման անձնակազմի համար նախատեսված կացարանում վառարանը վառել է ավտոբենզինով, որի արդյունքում կացարանում բռնկվել է հրդեհ:
Հակահրդեհային պաշտպանության համապատասխան միջոցների բացակայության պատճառով կացարանում գտնվող զինծառայողների կողմից ոչ միայն հնարավոր չի եղել այն մարել, այլ նաև պահեստային ելքի բացակայության պայմաններում՝ կոտրել կացարանի պատուհաններին ամրացված երկաթյա ճաղավանդակները և դուրս գալ այնտեղից:
Հրդեհի հետևանքով նույն վաշտի 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են, իսկ սպան և չորս պարտադիր ժամկետային զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
15 զինվորի մահվան գործով կալանավորվել է զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը։
Նույն գործի շրջանակներում կալանավորվել է նաև ՀՀ ՊՆ N զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետ, զորամասի հակահրդեհային պաշտպանության և փրկարար աշխատանքների ծառայության պետ, մայոր Մ.Ս-ն: