01/02/2023 16:50
«Թաքուն մղումներ չկան»․ Հունգարիայի իշխանությունները, բանակում բարեփոխումների անվան տակ, փոխում են ԶՈՒ բարձրագույն սպայակազմը
Հունգարիայի իշխանությունները հարյուրավոր սպաների են հեռացրել բանակի շարքերից՝ հայտարարելով, որ դա բխում է զինված ուժերում բարեփոխումների տրամաբանությունից։ Հունգարիայի պաշտպանության նախարար Քրիշտոֆ Սալայ-Բոբրովնիցկին, Bloomberg-ին տված հարցազրույցում արձագանքելով ընդդիմության քննադատություններին, ասել է, որ գործող սպաներին ծառայությունից ազատելով՝ իշխանությունները ցանկանում են «բարձրացնել մրցունակությունը ԶՈՒ շարքերում և խթանել զինվորականների պրոֆեսիոնալ աճը»։ Վերջինիս խոսքով՝ հունգարական բանակի բարձրագույն սպայակազմի շրջանում կադրային փոփոխություններն ամենախոշորն են՝ սկսած 1999 թվականից, երբ երկիրն սկսել է անդամակցել ՆԱՏՕ-ին։
Հունգարիայի ընդդիմությունը, սակայն, իշխանությունների հայտարարած բարեփոխումները չի ողջունում՝ մտահոգություն հայտնելով, որ բանակի բարձրագույն սպայակազմի շարքերում նման մասշտաբի փոփոխությունները սպառնալիք են ստեղծում երկրի անվտանգության համար։ Իշխանություններին ընդդիմությունը քննադատում է նաև բարեփոխումների անվան տակ իրեն հարմար բանակի ղեկավարություն ձևավորելու մեջ։
«Թաքուն մղումներ չկան, ես ցանկանում եմ, որ մերիտոկրատիա լինի (կառավարման սկզբունք, համաձայն որի ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել արժանիները-խմբ․) և մրցակցություն՝ զինված ուժերում»,- այս առնչությամբ ասել է Հունգարիայի պաշտպանության նախարարը։