01/02/2023 10:11
«Ժողովուրդ». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ներկայանում է աշխատանքի, նստում համակարգչի առջև, ծանոթանում նորություններին, սրճում և հեռանում կամ լավագույն դեպքում ցուցանիշ ապահովելու համար իմիտացիա է անում: Այդ կառույցի լիազորությունների մեջ է մտնում ընդերքի վերահսկողությունը, բայց հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող և զննող մասնագետ չկա վերահսկողական այդ կառույցում։ Տեսչական մարմնի կանոնադրության մեջ ամրագրված է ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն իրականացնելը որպես գլխավոր գործառույթ։
Գործառույթներում նշված է նաև. «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության և ընդերքի ոլորտներում»։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ բոլոր մասնագետները վերջին մեկ տարում կա՛մ հեռացել են, կա՛մ տարբեր հանգամանքներում հեռացվել են աշխատանքից։ Այսօրվա դրությամբ տեսչական մարմինը փաստացի պարապուրդի է մատնված, և արդեն մեկ տարի է՝ Հայաստանում ոչ մի հանքավայրի գործունեություն չի ստուգվում:
Տեսչական մարմնի երկու կարևորագույն բաժիններում (Ընդերքի վերահսկողության վարչություն և Հանքային ջրերի և երկրաբանական ուսումնասիրությունների վերահսկողության բաժին) մասնագետներ չկան, իսկ եղած 1-2 աշխատակիցներն էլ մանկավարժ են կամ «ֆիզկուլտուրնիկ», որոնք հանքի և հողի շերտերի մասնագիտական գիտելիքներ չունեն։ Սա ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի բացն է. նա է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:
Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Այս ոլորտը ստուգող մասնագետներ, սակայն, չկան պետական տեսչական մարմնում: Հիշեցնենք, որ վերջին աղմկահարույց ստուգումը եղավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից հետո Վահե Հակոբյանն իր մասնաբաժինը կորցրեց այնտեղ, հետո էլ ստիպված եղավ պատգամավորական մանդատից հրաժարվել»։