03/02/2023 17:51
Հայ լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, Ֆուկուոկայում՝ աշխարհի առաջնություններին
Հայաստանի լողի հավաքականը մարտի 23-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում: Կհաջորդի ՀՀ ապրիլյան առաջնությունը, որի արդյունքներով կճշտվեն տարիքային տարբեր խմբեր ներկայացնող թիմերի կազմերը, տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Հայաստանի լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆաել Վասիլյանը ներկայացրել է մրցաշրջանի ծրագրերը նշելով, որ հուլիսին պատանի լողորդները Բելգրադում կմասնակցեն Եվրոպայի, իսկ ազգային թիմը Ճապոնիայի Ֆուկուոկա քաղաքում ՝ աշխարհի առաջնություններին: Նույն ամսին Սլովենիայում, Եվրոպայի ամառային օլիմպիական պատանեկան փառատոնում կներկայանան նաև Հայաստանի պատվիրակները: Նշած ժամանակաշրջանում Գյումրի, Վանաձոր և Իջևան քաղաքներում զուգահեռաբար կանցկացվեն համապետական մի շարք մրցաշարեր:
«Հոկտեմբերին կապույտ լողուղյակներում կմրցեն պատանեկան, նոյեմբերին՝ մինչև 14 տարեկանների ՀՀ առաջնությունների մասնակիցները: Դեկտեմբերին, Եվրոպայի առաջնության ծրագրով Բուխարեստի կարճ ջրում ( 25մ լողավազանում ) կվիճարկվեն Եվրոպայի առաջնության մեդալները: Դրանից օրեր անց, Հայաստանի պատվիրակները Սանկտ- Պետերբուրգում կպայքարեն օլիմպիական չեմպիոն Վլադիմիր Սալնիկովի անվան մրցանակների համար: Տարեմուտին կվիճարկվի մարզաձևի ՀՀ դաշնության գավաթը»,- ասել է ֆեդերացիայի նախագահը։
Նա հայտնել է նաև, որ աշխարհի առաջնությունում (Ֆուկուոկա) կխաղարկվեն «Փարիզ – 2024»-ի ուղեգրեր: Վարկանիշային այլ մրցաշարերին մասնակցության համար կպայքարեն նաև Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Բարսեղյանը, Աշոտ Չախոյանը, Լևոն Քոչարյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Եվա Կարապետյանը, ևս մի քանի լողորդներ։