03/02/2023 18:06
Կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը «Փյունիկ»-ի հետ երկարաձգվել է
«Փյունիկի» կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանի պայմանագիրը ակումբի հետ երկարաձգվել է մեկ տարով, տեղեկանում ենք ակումբի պաշտոնական կայքից։
«Շատ ուրախ եմ «Փյունիկի» հետ նոր պայմանագիր կնքելու համար: Շնորհակալ եմ բոլորին վստահության ու ջերմ վերաբերմունքի համար: Մեր առջև մեծ մարտահրավերներ են դրված, բայց ամենակարևորը պետք է շարունակենք հաղթել ու երկրպագուներին անմոռանալի պահեր պարգևենք»-ասել է Հարությունյանը՝ պայմանագիրը ստորագրելուց հետո:
Հովհաննես Հարությունյանը «Փյունիկ» էր վերադարձել 2021-ի ձմռանը` օգնելով թիմին նվաճել Հայաստանի առաջնության ոսկե մեդալները, նաև կարևոր դեր խաղալով հայկական ֆուտբոլի համար պատմական եվրագավաթային մրցաշրջանում:
23-ամյա ֆուտբոլիստը անցած տարվա նոյեմբերին հատել է 100 հանդիպման շեմը «Փյունիկում»: Հարությունյանը «Փյունիկ» տեղափոխվելուց հետո առաջին անգամ հրավիրվել է Հայաստանի հավաքական ու աստիճանաբար ամրապնդվեց ազգային թիմի կազմում: Նախորդ տարվա արդյունքներով նա ընդգրկվել է նաև «Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ» քվեարկության լավագույն հնգյակում: