03/02/2023 12:04
Չեմ հիշում որևէ դեպք, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները որակվեին ապակառուցողական՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում. Մամիջանյան
Բոլոր առիթները պետք է օգտագործել Արցախի մեր եղբայրներին ու քույրերին ցույց տալու, որ Արցախի նկատմամբ Հայաստանի այսօրվա կառավարիչների վերաբերմունքն ընդամենը մի խմբակի մոտեցում է, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Պետք է ցույց տալ, որ դա ոչ թե Հայաստանի դիրքորոշումն է, այլ ընդամենը մի մարգինալ խմբակի մոտեցում», - ասաց Մամիջանյանը։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի երեկվա հայտարարությանը՝ Մամիջանյանն ասաց, թե առաջին հերթին անընդունելի է հավասարության նշանները Արցախի 7 շրջանների հայկական Շուշիի, Հադրութի և մի շարք այլ բնակավայրերի օկուպացիայի միջև։
«Դա անընդունելի է։ Այս պահին Ադրբեջանն օկուպացրել է հայկական բնակավայրերը։ Լավրովը խոսեց Ալմա-Աթայի հռչակագրի մասին, որը բանակցային գործընթաց է ներմուծվել Փաշինյանի խմբակի կողմից՝ Արարատ Միրզոյանի հայտարարությունով։ 30 տարի շարունակ Ալմա-Աթայի մասին որևէ ադրբեջանցի երբեք չի խոսել։ Այդուամենայնիվ, Ալմա-Աթայի հռչակագիրը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ որևէ աղերս ունենալ չի կարող», - ասաց պատգամավորը։
Նա հստակեցրեց, թե դրա պատճառներից մեկն այն է, որ այդ հռչակագիրը Հայաստանն ընդունել է վերապահումով, որը վերաբերում է ինքնորոշման հարցին։
«Եվ երկրորդ՝ այն պահին, երբ կնքվել է Ալմա-Աթայի հռչակագիրը, ԼՂ-ն միջազգային իրավունքի, խորհրդային Սահմանադրության բոլոր նորմերի համապատասխանությամբ արդեն իսկ իրականացրել է անկախության հանրաքվե», - ասաց Հայկ Մամիջանյանը։
Պատգամավորն ասաց նաև, թե չի հիշում որևէ դեպք, երբ պաշտոնական Երևանի դիրքորոշումները որակվեին ապակառուցողական՝ ՀՀԿ-ի իշխանության ժամանակաշրջանում։