03/02/2023 18:20
«Մենք այն մարդիկ ենք, որոնք ճանապարհ են անցել, ունեն փորձառություն․ Դուք բերեցիք պատերազմ, Արցախի մեծ մասը հանձնեցիք, թուրքերին թողեցիք գան, բարձրանան մեր սարերը»․ Սեյրան Օհանյան
Գուրգեն Արսենյան երեսփոխանն իրականում ցույց տվեց իր քաղաքական թիմի դեմքը, Լաչինի միջանցքի խնդրի շուրջ ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով իշխանական խմբակցության պատգամավոր, գործարար Գուրգեն Արսենյանի այսօրվա հայտարարությանը, որում նա յուրահատուկ բառապաշարով հարց էր ուղղել խորհրդարանական ընդդիմությանը։ «Ո՞վ եք, արա, դուք», - դիմելով ընդդիմությանն՝ ասել էր Արսենյանը։
Իշխանական խմբակցության պատգամավորի այս «հարցին» պատասխանելով՝ Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Գուրգեն Արսենյանին հիշեցրեց՝ ով են իրենք և ով՝ այսօր գործող իշխանություններն ու այդ իշխանությունների մաս կազմող Արսենյանը։
«Մենք այն մարդիկ ենք, որոնք ճանապարհ են անցել, ունեն փորձառություն։ Կարող ենք գնահատական տալ և՛ մեր անցած ճանապարհին, և՛ այսօրվա գործունեությանը։ Վեր ենք հանել մեր սխալները, որոնք եղել են, և կարող ենք համեմատել այն սխալների հետ, որոնք դո՛ւք եք բերել մեր երկրի գլխին։ Բերել եք այս աղետը, և երկիրը հասցրել եք այս իրավիճակին»,- ասաց Սեյրան Օհանյանը։
Երկրի անվտանգության ապահովման, սահմանների պաշտպանության ներուժը, Արցախի խնդրի շուրջ բանակցային գործընթացում հաջողությունները փոշիացրած իշխանություններն ու այդ իշխանության ղեկավարն այսօր զբաղված են միայն սեփական աթոռի շուրջ դիրքեր կառուցելով, խոսքը շարունակեց Սեյրան Օհանյանը։
«Դուք ո՞վ եք։ Դուք այսօր լեգիտիմ չեք։ Խոսքս ուղղում եմ այսօրվա իշխանություններին, որի մաս է կազմում նաև Գուրգեն Արսենյանը։ Լեգիտիմ չեք, որովհետև, գալով իշխանության, պարզապես անտեսել եք այն ամբողջ ներուժը, որը կար և՛ անվտանգության համակարգում, և՛ բանակցային ամբողջ գործընթացում։ Մեծ-մեծ խոսելով, չընդունելով նախկին իշխանությունների կատարած աշխատանքը, առաջարկները տարբեր ոլորտներում, անվտանգությունում և այլն, ասել եք՝ մենք եկել ենք և մենք ենք տերը այս երկրի։ Բայց դուք այս երկրի տերը, առավել ևս՝ Արցախի տերը չդարձաք։ Դուք ձեր ծրագրերում նշեցիք Արցախի ինքնորոշումը, բայց Արցախի ինքնորոշում տեղի չունեցավ, դուք Արցախը մտցրեցիք պատերազմի մեջ, և այսօր այսպիսի անկլավային վիճակում եք թողել։ Առավել ևս՝ Լաչինի միջանցքից հետո, ձեռքներդ լվացել եք Արցախից։
2022 թվականն այս երկրի ղեկավարը հայտարարում է բարեփոխումների տարի այն դեպքում, երբ բավականին մեծ թվով դիրքեր են գրավել ադրբեջանցիները։ Ադրբեջանցին եկել է, բարձրացել մեր սարերը, կառուցել դիրքեր, իսկ դու, քո առջևում ունենալով քո սահմանային գյուղացուն, ոչ մի աջակցություն չես ցուցաբերել։ Ունենալով ենթակառուցվածքներ՝ չես կարողացել բարձրացնել և դիրքերը կառուցել։ Դրա փոխարեն դու դիրքեր ես կառուցել քո՛ աթոռը պաշտպանելու համար»,- բնորոշելով իշխանություններին՝ ընդգծեց Սեյրան Օհանյանը։
Նա նշեց նաև՝ այս իշխանությունները խոսելու ոչ մի տեղ չունեն, որովհետև այն աղետը, որը նրանք են բերել են երկրի գլխին, անչափելի է։
«Նրանք ասում են՝ մենք փայլուն ենք աշխատում։ Փայլուն ձևով բերեցիք պատերազմ, փայլուն ձևով Արցախի մեծ մասը հանձնեցիք, փայլուն ձևով թուրքերին թողեցիք գան, բարձրանան մեր սարերը, դիրքերն էլ փայլեցրեցիք, տվեցիք թուրքերին ու ադրբեջանցիներին։ Սա՛ է ձեր երեսը և պատասխանը սադրանքին, որը դուք այսօր փորձեցիք իրականացնել՝ լուրջ քննարկում անելու փոխարեն»,- ընդգծեց Սեյրան Օհանյանը։