03/02/2023 14:18
«Բոլորը միակարծիք էին՝ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին». Ռուբեն Ռուբինյանը ընդդիմության կազմակերպած լսումներից հետևություն է արել
Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետևում է ընդդիմության՝ Լաչինի միջանցքի փակման թեմայով ԱԺ-ում կազմակերպած լսմանը։
Նրա խոսքով՝ ելույթ ունեցողների մի մասը ասում է, որ Լաչինի միջանցքը փակվել է, որովհետև Հայաստանը միջանցք է խոստացել և չի տալիս։
«Մյուս մասն ասում է, որ պրահյան հանդիպումից հետո այլևս Լաչինի միջանցք չկա, և որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածք է, և ուրեմն պիտի փակեին, բա ինչ պիտի անեին:
Մի ընդդիմադիր արքեպիսկոպոս նույնիսկ ակնարկեց, որ Հայաստանն է փակել Լաչինի միջանցքը։
Որպես հետևություն՝ բոլորը միակարծիք էին, որ միջանցքի բացման համար պետք է անհապաղ հեռացնել դավաճան իշխանություններին։
Այս բոլոր տեքստերը, սիրելի՛ բարեկամներ, ուղղված են միայն մեկ նպատակի՝ ամեն կերպ արդարացնել միջանցքի փակումը և նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետը խախտած կողմերին ազատել պատասխանատվությունից։
Իսկ թե ինչու են նրանք սա անում՝ կռահեք ինքներդ», - Facebook-ի իր էջում գրել է Ռուբինյանը: