04/02/2023 19:23
Ջերմային ցնցումները երեխաների մոտ. Տենդային ջղաձգության հիմնական պատճառները
Ջերմային ցնցումները կամ ֆեբրիլ ջղաձգումները երեխաների մոտ առաջանում են բարձր ջերմություն ունենալու դեպքում։ Այդպիսի ցնցումները ավելի հաճախ հանդիպում են տղա երեխաների շրջանում:
Ջերմային ցնցումը մկանային ջղաձգման կամ ցնցման առանձնահատուկ տեսակ է, որն առաջանում է 38°-ից ավելի բարձր ջերմության ժամանակ: Երեխայի մարմնի ջերմաստիճանի կտրուկ բարձրացումն առաջացնում է գլխուղեղի էլեկտրական պարպման խանգարում, որի հետևանքով էլ զարգանում են ջղաձգումներ:
Ջերմային ցնցումները սովորաբար հանդիպում են 6 ամսականից մինչև 5-6 տարեկան երեխաների շրջանում:
Սովորաբար երեխաները նման ցնցումներից հետո լիարժեք վերականգնվում են: Ջերմային ցնցումների մեծ մասը չի առաջացնում որևէ երկարատև խնդիր կամ գլխուղեղի վնասում:
Ֆեբրիլ ցնցումների ախտանիշները.
մարմնի ձգվածություն, վերջույթների կտրուկ ձգումներ,
գիտակցության բացակայություն,
հետ՝ դեպի ճակատ պտտված ակնագնդեր,
մակերեսային կամ փոփոխված շնչառություն,
ցնցումից հետո՝ մինչև մեկ ժամ և ավելի երկար տևող խորը քուն:
Ջերմային ցնցումները հիմնականում տևում են մի քանի րոպե:
Երբ ցնցումները դադարում են, երեխային պետք է տեղափոխել փափուկ մակերևույթի վրա՝ մի կողքի վրա պառկած դիրքով, որպեսզի վերին շնչուղիները մնան բաց և անցանելի:
Անհրաժեշտ է մշտապես հետևել երեխայի շնչառությանը և չափել ցնցման ժամանակահատվածը։
Երեխայի հետ պետք է այցելեք բժշկի, եթե՝
երեխայի մոտ առաջին անգամ է ի հայտ եկել ջերմային ցնցում,
համոզված չեք, որ երեխայի մոտ ջերմային ցնցում է,
երեխայի մոտ հաճախակի են առաջանում նման ցնցումներ:
Սովորաբար երեխան ջերմային ցնցումից հետո հիվանդանոցային բուժման կարիք չունի, եթե չկա, օրինակ, թոքաբորբի կամ մենինգիտի կասկած:
Ջերմային ցնցում տարած երեխաների մեծ մասը հետագա հետազոտությունների կարիք չունի: Բժիշկը երբեմն կարող է նշանակել արյան և մեզի հետազոտություններ, կրծքավանդակի ռենտգեն և այլ հետազոտություններ՝ ջերմության բարձրացում առաջացրած հնարավոր լուրջ հիվանդության հայտնաբերման նպատակով:
Հաճախակի ջերմային ցնցումներ լինելու դեպքում բժիշկը կարող է առաջարկել նաև էլեկտրաէնցեֆալոգրաֆիա։
Ըստ անհրաժեշտության, մանկաբույժը կամ մանկական նյարդաբանը կարող են առաջարկել նաև լրացուցիչ բուժում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։