04/02/2023 20:20
Կյանքի ո՞ր օրվանից սկսած և որքա՞ն հաճախ պետք է զբոսանքի տանել փոքրիկին․ պատասխանում են մանկաբույժները
Երեխային թարմ օդին զբոսանքի տանելն անհրաժեշտություն է, ոչ թե ժամանց՝ ծնողների համար, պնդում են մանկաբույժները։ Նորածինների մայրիկներին մանկաբույժները խորհուրդ են տալիս երեխային զբոսանքի տանելը դարձնել նրա խնամքի ամենօրյա անբաժանելի մասը և չանտեսել այն, քանի որ թարմ, մաքուր օդին զբոսանքը երեխայի համար նույնքան կարևոր է, որքան ուտելը կամ քնելը։
Շատ մայրիկներ ցուրտ եղանակին խուսափում են երեխային դուրս տանել՝ այն մտայնությամբ, որ փոքրիկը կարող է մրսել և հիվանդանալ։ Մանկաբույժների խորհուրդն այս դեպքում հետևյալն է՝ ցուրտ եղանակին զբոսանքը պետք է ավելի կարճ տևի, քան տաք եղանակին, սակայն այն անհրաժեշտ է։ Պետք է, իհարկե, հոգալ, որ երեխան չմրսի, բայց այնքան տաք չհագցնել կամ այնքան տաք չբարուրել նրան, որպեսզի շոգի և քրտնի։
Երկրորդ կարևոր պայմանն է զբոսանքի համար ճիշտ ժամանակ ընտրելը։ Օրվա գրաֆիկը պետք է այնպես կազմել, որ զբոսանքի համար նախատեսված ժամը կամ ժամերն այնտեղ իրենց անփոփոխ տեղն ունենան։
Մանկաբույժները թվարկում են նաև թարմ օդին երեխային զբոսանքի տանելու օգուտները․ առաջինը՝ ամրապնդվում է փոքրիկի իմունիտետը, երեխայի ֆիզիկական ակտիվությունն է զարգանում, սիրտանոթային համակարգն է ամրանում, զարգանում են նաև փոքրիկի կոորդինացիան ու տեսողությունը, մկանային համակարգը։
Մանկաբույժները պատասխանում են նաև մայրիկների կողմից ամենից հաճախ տրվող հարցին՝ ե՞րբ, կյանքի ո՞ր օրվանից սկսած՝ կարելի է նորածնին տանել զբոսանքի։ Անփոփոխ պատասխանն է՝ որքան հնարավոր է՝ շուտ, սակայն քանի որ որոշ մայրիկներ, այնուամենայնիվ, խուսափում են կյանքի ամենաառաջին օրերից փոքրիկին դուրս տանել, ապա ամենաօպտիմալ տարբերակն է զբոսանքներն սկսել փոքրիկի կյանքի երկրորդ շաբաթվանից։ Սկզբում թարմ օդին կարելի է 15 րոպե անցկացնել, ապա օրական այդ ժամանակն ավելացնել 5-ական րոպեով՝ հասցնելով 2-3 ժամի՝ կախված եղանակային պայմաններից և այլ հանգամանքներից։
Նորածիններին զբոսանքի տանելու ամենալավ ժամերն ամռանը վաղ առավոտն է, իսկ երեկոյան՝ 16։00-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Շոգ եղանակին ավելի լավ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, զբոսնել այգում, քայլել ստվերոտ ծառուղիներով, փոքրիկին ոչ մի դեպքում չթողնել արևի ուղիղ ճառագայթների տակ։ Ավելի լավ կլինի փոքրիկին զբոսանքի տանել կերակրելուց 30 րոպե հետո, կուշտ ժամանակ նա ավելի հանգիստ կլինի։
Ցուրտ եղանակին զբոսանքի ժամերը պետք է ընտրել՝ ըստ օդի ջերմաստիճանի, դրսում գտնվել այն ժամանակ, երբ օդի ջերմաստիճանը -5-ից ցածր չէ։ Ձմռանը զբոսանքները շատ երկար չպետք է տևեն, դա կախված է նաև նրանից, թե որքանով է հասցրել փոքրիկի օրգանիզմն ամրապնդվել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։