04/02/2023 10:05
«Հրապարակ». Դիջեյ Էդոյին որոշել են փոխարինել Սարգիս Խանդանյանով
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ն Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դիջեյ Էդոյին՝ Էդուարդ Աղաջանյանին, որոշել է փոխարինել նախկին լրագրող, հեղափոխությունից հետո պատգամավոր դարձած Սարգիս Խանդանյանով։ Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, և խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող հերթական նիստերին փակ-գաղտնի ընտրությամբ Խանդանյանին կընտրի հանձնաժողովի նախագահ։
Գալիք նստաշրջանը բավականին հագեցած կլինի՝ ընդդիմադիր երկու պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը ևս օրակարգում է։
Բացի այդ, «Հայաստան» խմբակցությունը որոշել է փետրվարի 7-ին բանակի խնդիրների վերաբերյալ հրատապ քննարկում հրավիրել և պահանջել է, որ ներկա գտնվի նաև պաշտպանության նախարարը։ Երեկ ԱԺ խորհրդի հաստատմանը երկու տասնյակից ավելի նախագիծ է ներկայացված եղել»։