04/02/2023 17:10
Թուրքիայում հայտարարել են` միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքներն ավարտվում են
Թուրքիայի տարածքում միջազգային գազային հանգույցի ստեղծման աշխատանքները մտել են եզրափակիչ փուլ, առևտրային առաջին գործարքը ծրագրվում է իրականացնել ընթացիկ տարում, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Ֆաթիհ Դոնմեզը։
«Ավարտին են մոտենում Թուրքիայում բնական գազի բաշխման ու գազի առևտրի կենտրոնի ստեղծման աշխատանքները։ Առաջին առևտրային գործարքը պատրաստվում ենք իրականացնել ընթացիկ տարում»,- թուրք պաշտոնյայի խոսքերն է մեջբերել Anadolu գործակալությունը։
Դոնմեզն ասել է նաև, որ գազային հանգույցի նախագծի իրականացմանը մասնակցելու հարցի շուրջ բանակցություններ են վարել մի շարք երկրների հետ։
«Բոլոր այն պետությունների ներկայացուցիչները, որոնց հետ մենք քննարկել ենք այդ հարցը, հայտարարել են նախագծին աջակցելու իրենց պատրաստակամության մասին»,- նշել է նա։